Սիգարետը մեքենայից կտցնելու մասնագետներ գոյություն ունեն. Սիմոնյան
Երևան քաղաքի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք, նրանց այդ իրավունքը տալու է Երևանի քաղաքապետը, կարգն ու պայմանները տալու է Երևանի ավագանին, տուրքը լինելու է 50 հազար դրամի չափով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ քաղաքապետարանը կարող է մերժեր թույլտվություն տրամադրել, եթե տվյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած չափանիշները չեն համապատասխանում ավագանու կողմից հաստատված նորմերին։ Պատգամավորը նշեց, որ այդ թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել հայտը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ շատ լուրջ նախաձեռնություններ պետք է ունենալ կապված դեպքերի հետ, երբ Հարապետության հրապարակում 4-5 «Երազ» մեքենաների վրա «Միկի մաուսի» նկար փակցնելու և այդտեղ առևտրով զբաղվելու հետ։
«Վերևից, որ Երևանը նայում ես, հիասքանչ քաղաքը շուկայի է վերածվել։ Ով որ շենքի գլխին ինչ ուզել, սարքել ա։ Ընդհանուր առմամբ գոյություն ունեն նորմեր, թե ինչ չափի պետք է լինի առաստաղը, ինչ գույն պետք է լինի շենքը։ Մեկը շենքը դեղին ա ներկում, մեկը կարմիր, մյուսը՝ կանաչ։ Ընդհանրապես, սիգնալ տալու մշակույթը պետք է վերացնել։ Մեկը մյուսին սիգնալով մի բան ա ասում, մյուսը՝ պատասխանում ա, հետո էլ նոր պատասխան ա հնչում՝ էդ ասածդ դու ես։ Սիգարետը մեքենայից կտցնելու մասնագետներ գոյություն ունեն, էն, որ ինքը կտցնում ա, սալյուտ ա տալիս զուգահետ, ու դրանով հպարտանում ա»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ շրջիկ առևտուրը միանշանակ պետք է կանոնակարգվի։
«Բայց այստեղ մենք գալիս ենք լուրջ խնդրի։ Կենտրոնում գոյություն ունեն շրջիկ առևտրի կետեր, որոնք վաճառում են սուվինիեր։ Նրանց աշխատանքը հիմնականում տուրիստների հետ է։ Հիմա, եթե էդ մեքենան գնաց Բանգլադեշ, ոչինչ չի կարող վաճառել։ Առանց հստակ դիֆերենցման, առանց հստակ տեսլականի այս օրենքը չի աշխատի»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։