Ինչ խնդիրներ կան կաթնամթերքի՝ մասնավորապես պանրի շուկայում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադարձավ սպառողներին մատակարարվող կաթնամթերքի որակին։
«Այսօր Հայաստանում ունենք մի իրավիճակ, որ, օրինակ, խանութների ցուցափեղկերում շարված են «թթվասեր» անունով տարբեր ապրանքներ, որոնք մարդիկ ընկալում են որպես թթվասեր, բայց այդ թթվասերներում կաթի պարունակությունը տարբեր է։ Մի մասը` շատ քչերը, թթվասեր է 100 տոկոսով, մի մասը թթվասեր է 70 տոկոսով, մի մասը` 30 տոկոսով, և բուսական ու այլ հավելումներով։ Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս, որ այդ մթերքը վաճառվի, քանի որ սննդի անվտանգության տեսակետից դրանք անթույլատրելի չեն, այսինքն` մարդկանց առողջության համար վտանգ չեն ներկայացնում»,- նշեց վարչապետը։
Սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է սպառողներին օգնել, դրա համար առաջարկում են կանոններ սահմանել։ Մասնավորապես, քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ ըստ կաթի պարունակության, կաթմամթերքի տուփերը լինեն տարբեր գույնի։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ նշեց, որ թթվասերի վրա հստակ մակնշում կա, խնդիրն իրականում ավելի լուրջ է պանրի շուկայում։
«Եթե թթվասերի դեպքում փաթեթավորման վրա կարելի է կարդալ, որ դա թթվասեր չէ, կամ բուսական յուղ է պարունակում, մենք ավելի մեծ խնդիր ունենք պանրի շուկայում, քանի որ պանիրներ կան, որոնք իրականում պանիր չեն։ Երբ դրանք արդեն կտրտած են վաճառում, սպառողին մոլորության մեջ են գցում»,- ասաց Գեորգի Ավետիսյանը՝ հավելելով, որ դեռ խնդրի լուծումը չեն պատկերացնում, միակ բան այնն է, որ հորդորել են սուպերմարկետներին՝ դրանք առանձնացնեն և մակնշում անեն, որ տվյալ ապրանքը պանիր չէ, այլ բուսական յուղի պարունակությամբ կաթնային մթերք։
Վարչապետն առաջարկեց խնդիրը մաս-մաս լուծել։