Իրանի արտգործնախարար. Թեհրանը բաց է տարածաշրջանի բոլոր երկրների հետ երկխոսության համար
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը բաց է Պարսից ծոցի բոլոր հարևանների հետ երկխոսության համար։ Նա այդ մասին գրել է հունվարի 23-ին՝ թվիթերի իր էջում: Այս մասին գրում է Regnum-ը։
«Իրանը բաց է երկխոսության համար, մենք հայտարարում ենք մեր պատրաստակամությունը մասնակցելու տարածաշրջանի շահերին համապատասխանող ցանկացած գործողությանը: Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը», - շեշտել է Զարիֆը:
Այս հայտարարությունն արվել է՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆիզալ բին Ֆարհանի խոսքերի, որոնք շեշտում են, որ թագավորությունը բաց է Իրանի հետ երկխոսության համար, բայց գնդակը գտնվում է Թեհրանի կողմում:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը 2020 թվականից ի վեր զգալիորեն սրվել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից և Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումներից հետո։