Հարգելի՛ պարոն Մարուքյան, ես Ձեր օգնության կարիքը բնավ չունեմ. Միրզոյան
«Ինչու ԱԺ նախագահը չի ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը»,- ԱԺ հերթական նիստի մեկնարկին նման հարց հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի խոսքով, ԱԺ նախագահը չի կատարել իր պարտականությունը՝ կապված հանգամանքի հետ, որ ԱԺ պատգամավորների քառորդ մասի ստորագրություններով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը խորհրդարանը երեկ չընդունեց. «Իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը, որը դուք հայտարարել եք, որ որևէ խնդիր չունի, այն պետք է գործի, սակայն այդ հանձնաժողովը չունի կազմ»։
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ստեղծել քննիչ հանձնաժողով, որը քննելու էր քաղաքապետարան-նվիրատու իրավահարաբերություններն ու այնտեղ առկա կոռուպցիոն ռիսկերը։
Մարուքյանը նշեց, որ խորհրդարանի որևէ հանձնաժողով եթե չի գործում, նշանակում է, որ ԱԺ որևէ մարմին իր գործը թերի է անում, նշանակում է՝ խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը։
«Ի՞նչն է պատճառը, պարոն Միրզոյան, ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովել»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին, ԱԺ նախագահը նշեց. «Հարգելի՛ պարոն Մարուքյան, ես Ձեր օգնության կարիքը բնավ չունեմ։ Կարծում եմ, որ որպես փորձված իրավաբան դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահը այդ քննարկվող հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակում ամեն ինչ արել է»։
Իսկ հանձնաժողովի կազմը, ըստ Միրզոյանի, պետք է որոշվեր պատգամավորների քվեարկության միջոցով։
«Իրենց քվեարկության մեջ պատգամավորներն ազատ են, նրանք կարող են լինել դեմ, կողմ կամ ձեռնպահ։ Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության այս կամ այն արդյունքի մեջ, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը։ Ես Ձեզ խորհուրդ կտամ դիմել այլ իրավաբանների օգնությանը՝ Ձեր համար այս հարցը պարզելու»,- նշեց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին