Հունվարի 29-ին «Արշակ Բ» օպերան նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 29-ին ներկայացվելու է Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան:
1956 թվականին Չուխաջյանի գլուխգործոցին անդրադարձել է բեմադրիչ Վավիկ Վարդանյանը (դիրիժոր՝ Սուրեն Չարեքյան)։ 1986 թվականին հիշյալ օպերան բեմադրել է Տիգրան Լևոնյանը (դիրիժոր՝ Յուրի Դավթյան)։ Նույն թվականին «Արշակ Բ» օպերան բեմ է բարձրացել Թբիլիսիում։ 1991 թվականին ևս մեկ անգամ «Արշակ Բ» օպերայի բեմադրությունը իրականացրել է Տիգրան Լևոնյանը: 2007 թվականի մարտի 3-ին Երևանում կայացել է Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան՝ Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ:
Օպերայի և բալետի թատրոնից հայտնում են, որ հունվարի 29-ին «Արշակ Բ» օպերան նվիրվում է աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրվան:
Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թ-ի հունվարի 29-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը: Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971թ-ին, 20 տարեկան հասակում, 1972թ-ին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին: 1975թ-ին կայացավ նրա դեբյուտը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում: Դրան հետևել են Սարոն (Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Չուխաջյան «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Հարությունյան «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունո «Ֆաուստ»):
1970-ականներին նա արդեն հայտնի երգիչ էր ողջ նախկին Սովետական Միությունում: 1978թ-ին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երջանիկ երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են կատարելագործվել այդ դպրոցում: Իտալիայում իր ուսումառության տարիներին նա երգել է մի շարք համերգներ: «Լա Սկալա»-ում Գեղամ Գրիգորյանը դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինի «Մադամ Բաթերֆլայ»): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերաների կատարման համար: Խորհրդային իշխանությունները, անհայտ պատճառներով, արգելել են մասնակցել այդ ներկայացումներին և առհասարակ թույլ չեն տվել նրան դուրս գալ Խորհրդային Միությունից շուրջ տաս տարի: 1990 թվականին Գեղամ Գրիգորյանը հնարավորություն է ստացել դուրս գալու միջազգային ասպարեզ։
2000 թվականին նշանակվել է Ալ. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Այս պաշտոնում թատրոնը ղեկավարել է մինչ 2007 թվականը։ Այդ տարիներին թատրոնում Գրիգորյանը որպես ռեժիսոր բեմադրել է Վերդիի «Տրավիատան», հայ կոմպոզիտորների օպերաներ՝ Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Չուխաջյանի «Արշակ Բ»: Իր ղեկավարման ժամանակ հրավիրյալ ռեժիսորների կողմից թատրոնում բեմադրվել են «Կարմեն», «Նորմա», «Ալեկո», «Դոն Ժուան» օպերաները։ Համերգային կատարմամբ ներկայացվել են օպերաներ՝ Չայկովսկի «Իոլանտա», Մոցարտ «Կախարդական սրինգ» և Վիվալդի «Տիգրան Մեծ»: Բեմականացվել են բալետներ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե», «Հավերժություն», Մավիսակալյան-Ճգնավորյան «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ», Շչեդրինի «Կարմեն սյուիտ»:
2015 թվականից կրկին վերադարձել է Ալեքսանրդ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Գ. Գրիգորյանը մահացել է 2016 թ. մարտի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա