Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը. Փաշինյան
«Կոռուպցիայի ինդեքս- 2019» Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ամենամյա զեկույցը վերաբերում է պետական սեկտորում կոռուպցիային։ Զեկույցում ներառված է 180 երկիր:
«ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից և զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը՝ նախորդ՝ 105-րդ հորիզոնականի փոխարեն, այսինքն՝ մենք 28 կետով առաջընթաց ենք ապրել: Նշվել է զեկույցում, որ հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում, և, չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նաև շեշտվել է, որ ժամանակ և ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ:
Ըստ վարչապետի՝ ժողովրդավարական զեկույցում նաև արձանագրվել է, որ չնայած մեծ առաջընթացին՝ Հայաստանը շարունակում է համարվել, այսպես ասած, հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր: Ըստ էության, սա նույնպես կապվում է դատական համակարգում առկա խնդիրների հետ, և այդ բարեփոխումների ճակատագրից է կախված մեծապես, թե երկու ոլորտներում էլ, այսինքն, այսպես ասած, միջին երկրների սանդղակը երբ կհաղթահարի Հայաստանը և կհայտնվի ամենաառաջատար երկրների ցանկում:
«Այնպես որ, 2020 թվականին մենք պետք է կենտրոնանանք հակակոռուպցիոն ոլորտում, որն ուղղակիորեն կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ, որպեսզի վերջնականապես ճեղքենք այն շղթան, այն սահմանը, որը մեզ պահում է, այսպես ասած, միջին երկրների շարքում: Սա, իհարկե, մեզ որևէ կերպ չի բավարարում»,- նշեց վարչապետը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ Հայաստանի մինչ այս ամենաբարձր արդյունքը եղել է 2014 թվականին, երբ միավորը եղել է 37։ Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսել են, որ 2023 թվականին 55 միավոր է լինելու:
«Այն ժամանակ բավական կասկածներ էին հնչում՝ արդյոք մենք նման նպատակ կարո՞ղ ենք մեր առջև դնել: Այս զեկույցի հրապարակումը ցույց է տալիս, որ ավելի քան իրատեսական է: Թափանցիկության և հանրային հաշվետվողականության առումով ուզում եմ նշել, որ կառավարության մի շարք նախաձեռնություններ որոշ ուժերի կողմից անընդհատ շահարկվում են, և ներկայացվում է, որ մեր հերթական՝ թափանցիկություն ապահովող նախաձեռնությունը, օրինակ, կարող է ազդել օտարերկրյա ներդրումների վրա, կայունության վրա: Մինչդեռ հենց նման ցուցանիշներն են և կոռուպցիայի ընկալման ինդեքսն են, որ գալիս են ապացուցելու, որ մեր գործողություններն այդ ոլորտներում միայն ու միայն նպաստելու են կայունությանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր են ապահովելու»,- նշեց նախարարը։
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ 2019 թվականի արդյունքները ցույց են տվել, որ տնտեսությունը ոչ միայն չի վախենում բարեփոխումներից, այլև, ընդհակառակը, այդ բարեփոխումներից ոգևորված, շատ մեծ տեմպերով զարգանում է, կամ, համենայն դեպս, ակտիվություն է ցուցաբերում. «Դեռևս չասենք զարգանում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան