Հոկտանյան. Առաջընթաց կա, բայց անելիքներ դեռ կան
Հրապարակվել է Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Լրագրողների հետ հանդիպմանը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասաց, որ Հայաստանը գրանցել է բավականին աճ՝ 2018-ին համաթիվը 35 էր, 2019-ին դարձել է 42: Հայաստանը 77-րդ հորիզոնականում է:
«Իսկապես 2013 թվականից այսպիսի աճ չէր գրանցվել, բայց միաժամանակ պետք չէ ոգևորվել: Իհարկե, այս աճի շնորհիվ Հայաստանը հայտնվել է ուշադրության արժանի երկրների ցուցակում»,- ասաց նա:
Հոկտանյանի խոսքով, այս տարածաշրջանից ուշադրության արժանի երկրներից է Հայաստանն ու Կոսովոն:
«Հիմնականում Հայաստանի դեպքում ասվում է՝ բավականին առաջընթաց եղավ կապված թավշյա հեղափոխության հետ, որից հետո եղավ խորհրդարանական ընտրություն: Փորձագետները նշում են, որ դրական զարգացումները չնայած կան, բայց շահերի բախման, հանրային ոլորտում թափանցիկության ոչ հաշվետու գործողություները շարունակում են մնալ հիմնախնդիր»,- ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:
Տարածաշրջանի19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը:
Գծապատկերը՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի էջից:
Հարցին, թե ի՞նչը նպաստեց դրական առաջընթացին, Վ. Հոկտանյանը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ, մոնոպոլիաների դեմ որոշակի քայլերը, որոնք արվեցին, նաև 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք անցան շատ ավելի նորմալ, քան եղել էին նախորդ տարիներին:
«Այս համաթիվն այնքան փայլուն չէ. եթե 50-ը վերցնում ենք սահման, ապա անելիք շատ ունենք: Առաջընթաց կա, բայց անելիքներ դեռ կան, չպետք է հանգստանալ: Պետք է շարունակել ու շատ ավելի խորացնել այն փոփոխությունները, որոնք եղան հեղափոխությունց հետո»,- ասաց նա:
Վ. Հոկտանյանի ներկայացմամբ, աշխարհի երկրների մեծ մասում կոռուպցիան, ըստ ընկալումների, աճում է, իրավիճակը գնալով վատանում է, 2/3-ից ավելի երկրներում կոռուպցիայի մակարդակը 50-ից պակաս է, տարբեր ուսումնասիրություններ ցույց տալիս, որ տվյալ երկրներում կոռուպցիան լուրջ խնդիր է:
ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկրները և տարածքներն ըստ իրենց հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման՝ հիմնվելով գործարար ոլորտում ղեկավար պաշտոններում գտնվող պաշտոնյաների շրջանում անցկացված 13 փորձագիտական գնահատումների և հարցումների վրա: Այն կիրառում է 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակը: