Անուղղակի հարկերը միջպետական համաձայնագրերով չեն կարգավորվում. Անանյան
«Անուղղակի հարկումը՝ այդ թվում կրկնակի հարկումը բացառող կետեր այս համաձայնագիրը չի պարունակում»,- խորհրդարանում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ բազմաթիվ գործարարներ դիմում են իրենց՝ ԱՊՀ երկրներից ապրանք ներմուծելիս կրկնակի հարկման խնդրով։
«ԱՊՀ դարածքում գործունեություն ծավալելու ընթացքում հաճախ հաշիվ-ապրանքագրերը տրվում են ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ներառյալ։ Սա խնդիր է առաջացնում, որովհետև այդ նույն ապրանքը ՀՀ ներկրելուց նույնպես վճարվում է ԱԱՀ, ստացվում է կրկնակի հարկում։ Այս պրակտիկան բավականին երկար ժամանակ է՝ կիրառվում է։ Հնարավո՞ր է, որ այս օրենքի ընդունումը օգնի նաև նման թյուրիմացություններից խուսափելու հարցում»,- նշեց Բագրատյանը։
Անանյանի խոսքով, կրկնակի հարկումը բացառող բոլոր համաձայնագրերը կարգավորում են այն հարաբերությունները, որոնք ուղղված են ուղղակի հարկերին և գույքին։
«Անուղղակի հարկերի հետ կապված՝ այդ թվում ԱԱՀ-ի հետ կապված խնդիրները որևէ համաձայնագրով չեն կարգավորվում։ Նույնիսկ ԵԱՏՄ շրջանակում մենք մաքսատուրքերի առումով ունենք միասնականացված օրենսդրություն, իսկ անուղղակի հարկերի առումով՝ ունենք հարմոնիզացիայի հնարավորություն։ Այսինքն՝ ամեն երկրի ներպետական, ինքնիշխան իրավունքն է անուղղակի հարկերի հետ կապված հարաբերությունները կարգավորելը։ Հետևաբար, Ձեր ասած խնդիրը կա, բայց այն պատճառով, որ անուղղակի հարկերը միջպետական համաձայնագրերով չեն կարգավորվում»,- նշեց Անանյանը։
Խորհրդարանը քննարկում է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։