Արգավանդ-Շիրակ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ հատվածը շահագործման կհանձնվի 2020-ին
Երևանի օղակաձև ճանապարհի արևմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Այն իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հայտնում են քաղաքապեարանից։
«Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաև տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երևանի համար»,- նշել է է քաղաքապետը:
Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարեվերջին՝ Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» տրանշ 2-ի ֆինանսավորմամբ։
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատման ճանապարհային հանգույցում։ Այս պահին շինարարները կառուցում են կամրջի հիմքերը:
Նոր կամուրջն, ի դեպ, կունենա անձրևաջրերի մաքրման հատուկ կայան, որը հնարավորություն կտա զտել անձրևաջրերը՝ դրանք գետ լցնելուց առաջ:
Ծրագրի ընթացքում կտեղափոխվեն անհրաժեշտ բոլոր հաղորդուղիները, իսկ լուսավորության համակարգում կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ:
Իսպանական «Լևանտինա ինխենեյրիա կոստրուցիոն» ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում: Շինարարությունը կտևի 21 ամիս:
Դեպի Արգավանդի խճուղի ձգվող ճանապարհն այնուհետ կմիանա Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածին: Ճանապարհի այդ հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2020թ.: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն և իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:
Հիշեցնենք, որ 2016 թ. մարտի 24-ին Երևանի քաղաքապետարանի և իտալական «Սերենիսիմա Կոստրուցիոնի» ընկերության միջև ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը, որն իրականացվելու է Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում: Պայմանագիրը ստորագրել են այդ ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հաղթող ճանաչված ընկերության նախագահ Ալբերտո Բրենտեգանին:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետի թեկնածու Փաշինյանը գիտեր, ինչպես և երբ շահագործման կհանձնվի մետրոյի կայարանը, գործող քաղաքապետը՝ ոչ
- Ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը