Արշակ Սարգսյան. Ռոբերտ Քոչարյանի հետ իմ լուսանկարն են ֆոտոշոփով փոխել
Ֆեյսբուքյան օգտատեր Արշակ Սարգսյանը պնդում է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր լուսանկարն են մոնտաժել ու տարածում, իբր Ռ. Քոչարյանի հետ նկարում եղել է երեկ «Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձը։
Նա որպես ապացույց երկու լուսանկար է հրապարակել՝ մոնտաժելուց առաջ ու հետո։
«Ֆոտոշոփի միջոցով ուզում են հանրության մոտ թյուր կարծիք ձևավորել իբր` այս ոչ էական մարդը Քոչարյանի աջակից է»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Հոդված 218.Պատանդ վերցնելը
2. Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է`
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով,
7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով:
Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով։
Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
2. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը`
1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Էրեբունի պլազայում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
- Օրվա լուսանկարը՝ Էրեբունի Պլազայի կրակողը մոտենում է ոստիկանական մեքենային
- Էրեբունի Պլազա հյուրանոցում կրակոցներ արձակած տղամարդը տարվել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան