Առաջարկվում է էներգաարտադրությունում 10% մասնաբաժին ունեցող անձանց տվյալները հրապարակայնացնել
«Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10%-ից ավելի մասնաբաժին ունեցող անձանց տվյալները պետք է լինեն հրապարակային»,- խորհրդարանում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով, նախագիծը հնարավորություն կտա ապահովել հանրային ծառայությունների կարևորագույն օղակներից մեկի՝ էներգետիկայի բնագավառի թափնցիկությունը։
Օրենքը ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ որևէ կերպ տրամաբանված է նշված 10%-ը. «Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած 10% ունեցող բաժնետեր այս որոշումից հետո կարող է կիսել և ունենալ 2 հատ 5%-անոց բաժնետոմս։ Ինչո՞ւ ողջ տեղեկատվությունը չի հրապարակվում»։
Պատասխանելով Բագրատյանի հարցին՝ Պետրոսյանը նշեց, որ օրենքը տրամաբանական շարունակությունն է հանքարդյունաբերության մասին օրենքի։ Եվ քանի որ այնտեղ նշաձողը դրված է 10%, այս պահին առաջարկվում է ի հայտ բերել այն փայատերերին, ովքեր ունեն բաժնետոմսերի 10%։
Խորհրդարանը քննարկում է «Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։