Կիպրոսը Թուրքիայի հետ հարաբերություններում դիմել է Գերմանիայի աջակցությանը
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և խնդրել վերջինիս, որպեսզի միջնորդի դեր ստանձնի Անկարայի և Կիպրոսի հույների միջև: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ Անաստասիադիսը դիմել է Մերկելին, որպեսզի հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայանալիք հանդիպմանը քննարկի նաև Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների հարցը:
Կիպրոսի նախագահը նաև խնդրել է, որ Մերկելը հորատման աշխատանքները դադարեցնելու շուրջ իր ուղերձը փոխանցի Թուրքիային:
Հունվարի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ:
Հիշեցնենք, որ Անկարայի կողմից Արևելյան Միջերկրականում նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականացնելու պատճառով Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև հարաբերությունները սրվել են:
Թուրքիայի պնդմամբ` Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Այս «հիմնավորմամբ»` Թուրքիան արդեն 2 հորատող նավ է ուղարկել Կիպրոս կղզու տարածքային ջրեր, որոնք այնտեղ նավթի ու գազի որոնողական աշխատանքներ են իրականացնում: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիայի սպառնալիքների պայմաններում իրավունք ունի ուժեղացնել իր պաշտպանությունը
- Անգելա Մերկելն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա