Սա մասնավորի կողմից արված քայլ է. տնտեսագետը՝ եվրաբոնդերի մասին
Հայաստանի առևտրային բանկերից մեկը 300 միլիոն դոլարի եվրաբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ այդ իրադարձությունը ներկայացնելով որպես տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն։
Այս հայտարարությունից հետո տարբեր կարծիքներ հնչեցին, թե ինչո՞ւ է վարչապետը մասնավոր բանկի հաջողությունը վերագրել կառավարությանը և այդ 300 մլն-ը դիտարկել որպես ներդրում։ Նաև հարց են բարձրացնում, թե կարո՞ղ է պետական երաշխիքներ կան, ինչը կնշանակում է, որ Հայաստանի արտաքին պարտքն աճում է 300 մլն դոլարով։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Հայաստանում ցանկացած բանկ կարող է թողարկել պարտատոմսեր և դրանք վաճառել՝ լրացուցիչ փոխառու միջոցներ հավաքագրելու համար։ Սա, ըստ տնտեսագետի, նոր մշակույթ է Հայաստանում։
Նրա խոսքով՝ եվրաբոնդերի թողարկումը նպատակ ունի համալրել կապիտալը և բազմազանեցնել դրա աղբյուրները ոչ միայն ներքին ռեսուրսների, այլև արտաքին փոխառությունների հաշվին։
«Սա կապիտալի լրացուցիչ ներհոսք է Հայաստան։ Անկախ նրանից, թե որ ոլորտում է դա օգտագործվելու, բուն երևույթը, որ Հայաստանը կարող է կապիտալ գրավել, կարծում եմ՝ պետք է դիտարկել որպես դրական երևույթ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը միաժամանակ նշեց, որ այդ եվրաբոնդերը ավելի նպատակային կարելի է օգտագործել, մասնավորապես, կառավարությունն՝ ի դեմս ֆինանսների նախարարության, կարող է համապետական կարևոր նշանակության ծրագրերի համար առանձին բոնդերի ծրագիր մշակել։
«Մենք երկու տասնամյակ տարբեր կառավարությունների առաջարկել ենք նման ծրագիր՝ Հայաստանի պետական բոնդերի (պարտատոմսերի)թողարկման ծրագիր։ Ըստ դրա՝ համահայկական բոնդերի իրացումը հիմնականում ակնկալվում է իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ սովորական պետական բոնդերից տվյալ ծրագիրը տարբերվում է նրանով, որ նախ, պետությունը տնօրինում է այդ միջոցները բացառապես համապետական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար, այդ թվում՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկում և այլն։
Հարցին, թե ճի՞շտ է եվրաբոնդի թողարկումը ներկայացնել որպես օտարերկրյա ներդրում, քանի որ սա մասնավորի կողմից արված քայլ է, Թաթուլ Մանասերյանն ասաց, որ այս պարագում պետք են կառավարության հիմնավորումներ առ այն, թե արդյոք պետական քաղաքականության շնորհիվ է դա տեղի ունեցել։
Միաժամանակ տնտեսագետն ասաց, որ երկրում վստահության մթնոլորտ է ձևավորվել, ինչից հատկապես շահել է բանկային համակարգը , բայց այսօր խնդիրն այն է, որ դա տեղափոխվի տնտեսության իրական հատված։ «Այսինքն՝ կառավարությունը պետք է մասնավոր հատվածի լավ օրինակներն ընդօրինակի, գրավիչ միջավայր ձևավորի և տարածի նման հաջող փորձը»,- հավելեց տնտեսագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին