Խորհրդարանն ընդունեց շրջիկ առևտուրը կարգավորող օրենքը
Խորհրդարանն ընդունեց շրջիկ առևտուրը կարգավորող օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ էին ՝ 41-ը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ չէ՝ շրջիկ առևտրի կարգավորմանը, սակայն վստահ է, որ օրենքը կամ վերացնելու է շրջիկ առևտուրը՝ որպես բիզնես, կամ էլ դառնալու է մենաշնորհ որոշ տնտեսվարողների համար։
«Նախագիծը նաև շատ մեծ հայեցողական որոշումների տեղ է թողնում Երևանի քաղաքապետարանի համար՝ որպես համայնք, ինչը անթույլատրելի է բիզնեսի համար։ Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին»,- նշեց Սամսոնյանը։
Ըստ օրենքի, Երևան քաղաքի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք, նրանց այդ իրավունքը տալու է Երևանի քաղաքապետը, կարգն ու պայմանները տալու է Երևանի ավագանին, տուրքը լինելու է 50 հազար դրամի չափով։
Տնտեսվարողներին քաղաքապետարանը կարող է մերժել, եթե տվյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած չափանիշները չեն համապատասխանում ավագանու կողմից հաստատված նորմերին։ Այդ թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել հայտը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում։
Հարակից հրապարակումներ`
- Սիգարետը մեքենայից կտցնելու մասնագետներ գոյություն ունեն. Սիմոնյան
- Շրջիկ առևտրի կետերը 50 հազար դրամ տուրք կվճարեն