ԿԳՄՍ նախարար. Եղել է, որ դպրոցի տնօրենների 70 տոկոսը կտրվել է քննությունից
Այսօր խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ ուսուցիչների հաստիքի համար մրցույթներին «արհեստական միջամտություններ են լինում»։
Նա պատասխանում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հարցին, թե՝ արդյոք ուսուցիչների ընտրության մրցույթի կարգի փոփոխություն լինելու է առաջիկայում։
Հարությունյանը խնդիրը լուծելու ապագայի ուղի նշեց, որն այս պահին ընդամենը գաղափար է՝ ստեղծել էլեկտրոնային հարթակ։ Նախարարը գտնում է, որ երբ ստեղծվի այդ հարթակը, նվազագույնի կհասցվի թեկնածուի և տվյալ ուսումնական հաստատությունների ղեկավարության շփումը, քանի որ խնդիր որպես տեսնում է փաստաթղթերի հանձնման գործընթացի սահմանափակումը։
«Ըստ էության, մենք էնպիսի իրավիճակ ենք ստեղծելու, որ էդ մրցույթի ժամանակ ավելի շատ շեշտը դրվի տվյալ թեկնածուի մասնագիտական կարողությունների վրա, քան էն անգիր արած հարցաշարերի վրա, որ հիմա հանձնում են»,-հավատացրեց նախարարը, չբացատրելով, թե ինչն է խանգարում մինչև հարթակի ստեղծումը փոխել հարցաշարը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը կարևոր գտավ դպրոցների տնօրենների ռեյտինգավորումը. «Այսինքն՝ ինչ-որ ցուցանիշներից ելնելով՝ մենք կարողանանք տնօրենների աշխատանքի արդյունավետության գնահատման համակարգ ունենալ։ Դա էլ ամրակցենք պարգևավճարներին»։
Հետաքրքիր է, որ նոր ԸՕ-ում պատգամավորները չեն տեսնում ռեյտինգավորման անհրաժեշտություն, բայց դպրոցների հետ կապված, երբ այսօրեական խնդիրը ամենևին ռեյտինգը չէ՝ կարևորում են։
Այնուամենայնիվ՝ պատասխանելով պատգամավորի դիտարկմանը՝ Հարությունյանը հայտնեց, թե խստացվել է լիցենզիա տրամադրելու գործընթացը, և եղել են օրեր, որ հավակնորդների մինչև 70%-ը կտրվել է քննությունից։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե հանրապետությունում քանի ուսուցիչ կա և քանի դրույք. «Հինգ տարի առաջ 25 հազար դրույքի վրա 39 հազար ուսուցիչ էր աշխատում։ Եվ մեկ դրույք աշխատելու դեպքում որքա՞ն է աշխատավարձը»։
Հարությունյանը հայտնեց, որ ֆինանսավորման նոր բանաձև է շրջանառության մեջ դրվել։
«Այս ամսվանից հունվար ամսվա ֆինանսավորումը կիրականացվի էդ բանաձևով, ինչ նախատեսում է ոչ միայն աշակերտների թվով ֆինանսավորում, այլ նաև ենթադրում է հաշվի առնել դասարանների քանակը։ Մոտավորապես՝ 140 դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերը լրացուցիչ կբարձրանան։ Ինչ վերաբերում է դրույքներին, Ձեր ներկայացրած թվերը մոտ են այսօրվա թվերին»,- նշեց Հարությունյանը, որոշակի թվեր չբերելով։
Նշենք, որ Խորհրդարանը քննարկում է «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։