Պտղնիում երեխաները հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալու. չունեն մանկապարտեզի շենք
«Մենք ունենք ամենատարբեր կրթական ցենզերով մանկապարտեզների վարիչներ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Ստեփանյանը նշեց, որ իր տեղեկություններով, կան մանկապարտեզների վարիչներ, ովքեր 73 տարեկան են և աշխատում են 1985 թվականից, 88 տարեկան են և աշխատում են 1980 թվականից։
«Իսկ շատ արժանի մասնագետներ և մանկավարժներ այդպես էլ չեն կարողանում մասնագիտական աճ ունենալ, քանի որ օրենքները նրանց շանս չեն տվել»,- նշեց Ստեփանյանը։
Ստեփանյանը նշեց, որ պետք է նաև ուշադրության կենտրոնում պահել դաստիարակների վերապատրաստման հարցը, որպեսզի երեխաների վրա գոռացող դաստիարակներ այլևս չլինեն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ նշեց, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում երեխաները հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալու, քանի որ չունեն մանկապարտեզի շենք։
«Պտղնիի գյուղապետը, որ արդեն 32 տարի այդ պաշտոնին է, անհասկանալի պայմաններում օտարել է մանկապարտեզի շենքը, և երեխաներն արդեն 10 տարուց ավելի հնարավորություն չունեն մանկապարտեզ հաճախելու»,- նշեց Պողոսյանը։
Խորհրդարանը քննարկում է «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։