Առաջարկվում է անշարժ գույք վաճառելիս ներկայացնել նաև գույքահարկի «զրոյական» թուղթ
Հաճախ քաղաքացիներն իրար մեջ անշարժ գույք վաճառելուց չեն տեղեկացնում մյուս կողմին գույքահարկի գծով պարտականությունների մասին։ Արդյունքում քաղաքացին ոչ միայն գույքի արժեքն է վճարում, այլ նաև ընդհուպ մինչև մի քանի հազար դոլարի հասնող գույքահարկը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով, այս դեպքում քաղաքացիների միջև վեճեր են ծավալվում, մինչև անգամ դատական գործընթացներ են սկսվում. «Կան դեպքեր, երբ վաճառողը կեղծ թուղթ է ներկայացրել, թե ինքը վճարումները կատարել է»։
Այժմ առաջարկվում է օրենսդրական կարգավորում, որով նախատեսվում է առք ու վաճառք իրականացնելիս «զրոյական» թուղթ պահանջել նաև անշարժ գույքի դեպքում, որ գույքահարկի գծով պարտավորություններ չկան։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը նշեց, որ ԴԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև սնանկացման դեպքերով ձեռք բերված գույքի դեպքում գնորդը տեղեկություն չի ստանալու գույքահարկի հետ կապված. «Ո՞րն է նպատակը, որ էսպիսի տարբերություն եք դնում»։
Պատասխանելով հարցին՝ Պապոյանը նշեց, որ ֆիզիկական անձինք, մինչև սեփականության իրավունքի փոխանցման ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ գույքի մասով հարկի պարտավորությունները ամբողջությամբ կատարում է մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ բացառությամբ, երբ օտարումը կատարվում է ԴԱՀԿ-ի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից։
«Այդ պատճառով էդ կետերը մենք հանել ենք»,- նշեց Պապոյանը։
Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի ներկայացրած «Գույքահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթրցմամբ ընդունելու հարցը։