Տիեզերական գործունեության համար առաջարկվում է սահմանել 10 մլն դրամ տուրք
«Տիեզերական օբյեկտները և տեխնիկան ենթակա են պարտադիր գրանցման և պետք է պարունակեն ՀՀ պատկանելության նշումը»,- խորհրդարանում ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Արշակյանի խոսքով, տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կկարգավորվի ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։
Նախագծով սահմանվում է, որ տիեզերական օբյեկտների օտարումը շահագործողի կողմից ենթակա է համաձայնեցման լիազոր մարմնի հետ։
Արշակյանը նշեց, որ նաև նախատեսվում է տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մեջ։
«Ոլորտում գործունեության համար նախատեսվում է տարեկան 10 մլն դրամ պետական տուրք։ Տուրքի շեմը չենք կարող իջեցնել, քանի որ կարող է խնդիր առաջանալ. Լիցենզիա սրանալու համար դիմողները կարող են շատ լինել, և էդտեղ կբարդանա՝ հասկանալ այդ ընկերությունները համապատասխանում են այդ նորմերին, թե ոչ »,- նշեց Արշակյանը։
Խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Տիեզերական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։