Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ վաղը կդառնա 14 տարեկան: Այս տարիների ընթացքում նվագախումբն անդադար աշխատել է, արդյունքը՝ միջազգային ասպարեզում մեծագույն հաջողություններ, ելույթներ աշխարհի լավագույն բեմերում, լավագույն արտիստների ու մենակատարների հետ: Դրա վառ վկայությունն է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական վերջին համերգային շրջագայությամբ. նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 8-21-ին ելույթներ է ունեցել Եվրոպայի 5 երկրի՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստան, լավագույն համերգասրահներում։
«Երևի կարող էինք անել ավելի շատ: Վստահ եմ, բայց նաև ուրախ եմ, որ այսքան արել ենք: Շատ ենք աշխատում, ունենում ենք շատ համերգներ, որակային իմաստով նվագախմբի ձեռքբերումների մասին խոսում է աշխարհը»,- Panorama.am-ի հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը:
Նրա խոսքով, աշխարհի լավագույն նվագախմբերին քննադատողները զարմացած են, որ Հայաստանում նման նվագախումբ կա, որն ունի իր հնչողությունը:
«Գրում են դրա մասին, ինչը, կարծում եմ, ձեռքբերում է: Մեզ դեռ չեն քննադատում: Քննադատում են լավագույն նվագախմբերին, որոնք անընդհատ բեմերին են: Եթե նոր նվագախումբ է հայտնվում այդ բեմերում, որն ունի իր հնչողությունը, պատկերացումը, առիթ չկա քննադատելու: Դժվար է ասել՝ լավ է, թե ոչ, բայց, հույս ունեմ, որ լավ է»,- ասաց Ս. Սմբատյանը:
Նվագախումբն արտասահմանյան համերգներին մշտապես ներկայացնում է հայ կոմպոզիտորական արվեստը: Եվրոպական շրջագայության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը», որը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն սիմֆոնիաներից է։ Այն մինչ այդ Հայաստանից դուրս երբեք չէր հնչել:
«Մարդիկ հիացած էին: Դա արվեստի ուժն է: Բանակցությունների ժամանակ դժվար է համոզել, որ պետք է նվագել նոր ստեղծագործություն: Համերգասրահներն ուզում են, որ կատարվի շատ հայտնի երաժշտություն: Տոկոսային առումով այդ դեպքում հնարավորությունն ավելի մեծ է, որ ավելի շատ մարդիկ կգան լսելու այն երաժշտությունը, որն իրենց ծանոթ, որն իրենք գիտեն: Բայց մենք հաղթեցինք բանակցային փուլում, ներկայացրեցինք մեր երաժշտությունը, որը, իմ պատկերացմամբ, մեր մեծագույն ձեռքբերումն էր»,- ասաց Ս.Սմբատյանը:
Նրա խոսքով, հանդիսատեսը շատ փույլուն ընդունեց այդ կատարումը, հնչեցին փայլուն քննադատություններ:
«Համերգներ ունեցենք, երբ առաջին բաժնի ավարտից հետո, այսինքն երբ ավարտվում էր Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունը, հոտնկայս ծափահարում էին: Մենք ունենք մեր սիմֆոնիզմը, մեր սիմֆոնիկ պատկերացումը, որը Ջոն Տեր-Թադևոսյանի երաժշտության մեջ կարելի է տեսնել, լսել, զգալ: Մենք քիչ ենք ներկայացնում մեր կոմպոզիտորական արվեստը: Եթե ներկայացնում ենք, միայն Արամ Խաչատրյան: Իհարկե, Խաչատրյանը մեր ամենամեծ հերոսն է, նրա երաժշտության մեջ տեսնում ենք մասշտաբ, որը հայկական է, միջազգային մակարդակի է, բայց սիմֆոնիզմը, որն ունի Ջոն Տեր-Թադևոսյանի երաժշտությունը, այլ ձևաչափ է, որը պետք է ներկայացնել»,- ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Նրա խոսքով, նվագախմբին այս շրջագայության ժամանակ շատ է օգնել աշխարհի լավագույն ջութակահարներից Մաքսիմ Վենգերովը, մեծագույն ներդրում էր, որ համաձայնել էր մասնակցել համերգներին. «Մարդիկ տեսնելով, որ Վենգերովը մասնակցում է համերգներին, հավատում էին, որ որակ կա»:
«Մեկուկես տարի բանակցել ենք: Այդ համերգասրահներում՝ Մյունխենի Gasteig մշակութային կենտրոն, Զալցբուրգի Grobes Festspielhaus, Շտուտգարտի «Բեթհովեն» դահլիճ, Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահ, Լոնդոնի Բարբիկան կենտրոն, Վիեննայի Մյուզիքվերեյն, Պրահայի Ռուդոլֆինում, հնարավոր չէ ելույթ ունենալ առանց հրավերի: Դա ձեռքբերում էր, որ կարողացանք համերգները կազմակերպել ամենահանրահայտ համերգասրահներում»,- նշեց նա՝ հավելելով, որ Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում առաջին հայկական նվագախումբն էր, որ ելույթ ունեցավ, այն երաժշտության բնագավառում ամենակարևոր հարթակն է, Լոնդոնի Բարբիկան կենտրոնի համերգներին ամենաբարդ քննադատներն են ներկա լինում:
Այս տարվա ընթացքում նվագախումբը նմանատիպ շրջագայություն չունի, բայց հրավերներ ունի Իսրայելից, Օմանից:
«Օմանի թագավորական նոր կառուցված օպերային թատրոնը մեզ է սպասում»,- նշեց Ս. Սմբատյանը:
Վաղը նվագախումբը որևէ համերգ չի նախատեսել, քանի որ, ինչպես նշեց գեղարվեստական ղեկավարը, շրջագայությունից հետո հանգստանալ է պետք, կնախապատրաստվեն արդեն հաջորդ տարվան՝ 15-ամյա հոբելյանը մեծ համերգով նշելուն:
Փետրվարի 8-ից մեկնարկելու է Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին: Փառատոնի նախաձեռնողը հենց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է: Բացման համերգը ղեկավարելու է ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնի Բարբիկան կենտրոնում հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել Բեռլինում
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 8 համերգ՝ Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով
- Սմբատյանն ու Մանսուրյանը պլանավորում են ձայնասկավառակի ձայնագրություն
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում
- Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Բրուքների 4-րդ սիմֆոնիայով ամփոփել է 13-րդ համերգաշրջանը
- Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
- Սերգեյ Սմբատյանը և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում են համատեղ ձայնագրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան