Ջանք ու եռանդ չենք խնայելու. Արայիկ Հարությունյանի պատասխանը՝ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին:
«Մեծարգո պարո՛ն Վարչապետ,
Որպես Արցախի Հանրապետությունում առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին հայտ ներկայացրած նախագահի թեկնածու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին արձագանքում եմ ազատագրված Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից: Այս պահին տեղի կուսակցական ակտիվի հետ հանդիպման եմ:
Պարո՛ն Վարչապետ
Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։ Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե՛ որպես ԱՀ վարչապետ, թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար։ Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ, և առիթն օգտագործելով, նույն ասելիքս ուղղում եմ համայն հայությանն ու ողջ աշխարհին։
Հարգանքով՝
Արայիկ Հարությունյան»,- գրել է Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ու հարցերի պատասխան է ներկայացնում Կապանում (ամբողջական)
- Միացումը մայր հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակն է. Ղուլյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան