
Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք. վարչապետ
2020 թվականի բյուջում պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով։ Այս մասին իր մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք` «ՍՈՒ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ Մ2 ԿՄ» և «ԱՍԱ», «ԱԿԱ» հակաօդային պաշտպանության համալիրներ։
«Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայաններով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով։ Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության միջոցների փորձարկումներ»,- նշեց Փաշինյանը։
ՀՀ կառավարությունը, վարչապետի համոզմամբ, փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ՝ ընդհանրապես չօգտագործված։