Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
Այսօրվա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում նրան ուղղված հարց տվեցին, թե՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասել է, որ վարչապետն ուզում է իրենից ազատվել, զգուշացումներ է ստացել՝ եթե հրաժարական չտա, ապա քերական հետապնդում կսկսվի։
Փաշինյանը հայտարարեց, թե՝ 2018 թվականի մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն։
«Նա իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, թե քանի որ ես եմ այս Սահմանադրության տեքստի հեղինակը, Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և միասին կարող ենք անել չգիտեմ ինչեր, ինչեր։ Եւ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ, իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողները ՍԴ թեմայից այլ հարցեր ևս տվեցին՝ արդյոք վարչապետին չի՞ մտահոգում այն փաստը, որ ՀՀ-ում կա պաշտոնյա, ստանում է բարձր աշխատավարձ, օգտվում է ծառայողական մեքենայից, սակայն աշխատանքի չի ներկայանում, իսկ խոսքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին է, և ինչու ԱԺ-ն հանդես չի գալիս նրա լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ։
Ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանը անգամ տեղյակ չէր ամիսներ տևող այդ իրավիճակից։ «Եթե այդպիսի երևույթ կա, դա մտահոգում է, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել»։
Դիտարկմանը, թե որևէ քայլեր կձեռնարկեն, վարչապետն ասաց. «Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդպիսի բան, կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
- Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
- Ռուբեն Մելիքյան. Շատ կուզեի տեսնել Թովմասյանի բնակարանում խուզարկությունը թույլատրող դատական ակտը
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
- CDI-ն իր մտահոգություններն է հայտնում Հրայր Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրգործի կապակցությամբ
- ՍԴ դատավորը՝ Վահե Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին