Ե՞րբ է ի վերջո ոչնչացվելու վտանգավոր թափոնների հսկայական ժառանգությունը
ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով մեր երկիրը պետք է լուծի վտանգավոր թափոնների վերացման խնդիրը: Այսինքն՝ դրանք այն թափոններն են, որոնք էական սպառնալիք են մարդու և շրջակա միջավայրի համար՝ սկսած ծանր մետաղներից, վերջացրած էլեկտրոնիկ թափոններից: Այսուհանդերձ, թերևս ամենամեծ վտանգը, որ իրենից ներկայացնում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն է, որը ժառանգել ենք Խորհրդային տարիներից: Այնտեղ թաղված են տարբեր վտանգավոր նյութեր կամ կայուն օրգանական աղտոտիչներ, հիմնականում՝ ԴԴՏ: Կան նաև պղնձի, ֆոսֆորի, ցինկի և մկնդեղի պարունակություններ:
Հատկանշական է, որ տարիներ շարունակ միջազգային կառույցների օժանդակությամբ փորձ է արվում լուծել թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը, սակայն սայլը տեղից չի շարժվում: Ծարագրեր են գրվում, նախագծեր կազմվում, բայց տեսանելի արդյունք դեռևս չկա: Ու թեև թունաքիմիկատները թաղված են հողի մեջ, սակայն տարածքն ակտիվ սողանքային գոտի է, և միայն ցանկապատը չի կարող պաշտպանել մարդու կյանքի համար մեծ վտանգ ներկայացնող վտանգավոր նյութերից, հատկապես հեղհեղումների ժամանակ: Հարկավոր են քայլեր ձեռնարկել ՝ թունաքիկիկատների վնասազերծման և ոչնչացման ուղղությամբ:
Ե՞րբ է ի վերջո ոչնչացվելու պեստիցիդների այս հսկայական ժառանգությունը:
«Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հետ կապված ՄԱԿ-ի հետ իրականացնում ենք ծրագիր՝ ԴԴՏ-ի արտահանմանը վերաբերող: Ի սկզբանե նախատեսված էր համապատասխան փաթեթավորման և արտահանման գործընթաց: Դա պետք է արվեր Վրաստանի տարածքով, սակայն երկար բակացություններից հետո Վրաստանը չի համաձայնվում գնալ այդ քայլին, թույլ չի տալիս իր երկրով տարանցումը: Մենք միգուցե մինչև տարեվերջ փորձենք սպառել Վրաստանի տարբերակը՝ մի քանի առաջարկություններ անելով: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը բազելյան կոնվենցիայով պարտավորություններ են ստանձնել և հնարավորություն կա մեկ անգամյա թույլտվություն ստանալու: Բայց եթե դա էլ չհաջողվի մենք դիտարկում ենք այլ տարբերակներ ևս, այդ թվում ստեղծել այդ կարողությունը Հայաստանի տարածքում: Այսինքն՝ ուտիլիզացումը կազմակերպել Հայաստանում: Պետք է համապատասխան միջազգային ստանդարտներով ստեղծվի գործարան և կոնսերվացվեն ու թաղվեն: Այս գործընթացն ուղղակի երկար ժամանակ կպահանջի»,- panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:
Ինչ վերաբերում է Հանրապետության տարածքում առկա այլ վտանգավոր թափոններին, ապա Ղափլանյանի խոսքով՝ մեր երկրում առհասարակ չկան վտանգավոր թափոնների թաղելու վնասազերծելու վայրեր:
«ՀՀ տարածքում չկան պոլիգոններ, որոնք նախատեսված են վտանգավոր թափոնների թաղման համար: Նախարարության կողմից մշակվում է նախագիծ, թե ինչպես պետք է դա իրականացվի: Այս պահին ուսումնասիրում ենք թե ի՞նչ մոդելով ենք դա անելու, պետության վրա դրված է այդ պարտավորությունը, բայց պետք է նաև ներգրավվել մասնավոր սեկտորին՝ թափոնների հավաքագրման համար»,- ասաց նախարարի տեղակալը:
Ի դեպ, վտանգավոր թափոնների մեջ է մտնում նաև էլեկտրոնիկ թափոնը, որոնց հավաքագրումը ևս պետք է կազմակերպվի: Այս և մյուս հարցերում հարցում նախարարությունն ակնկալում է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, որը վերջերս ԵՄ-ի հետ ստորագրեց «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» պայմանագիրը: Նախատեսվում է, որ Երևան քաղաքում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների մասով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար: Բոլոր դեպքերում, փաստն այն է, որ վտանգավոր թափոնների վնասազերծումն ու ոչնչացումը տարիներ շարունակ տեղի չի ունենում, իսկ դրա լուծմանը միտված քայլերը դեռևս գրված են լոկ թղթի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին