Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խստորեն դատապարտել է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։ ՄԻՊ-ը բացարձակ մերժելի է որակել նրա արարքը։
«Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։
Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։
Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ»,-նշել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ armdaily-ն երեկ ֆիքսել ու հրապարակել էր, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
«Խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: Վաղը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են