Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է ևս մեկ արցախցի
Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն արդեն յոթերոդ օրն է հացադուլի մեջ է: Նրա պահանջը մեկն է ՝ դադարեցնել Արցախի տարածքում ՀԷԿ-երի շինարարությունը:
«Արցախում, մասանավորապես Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում առկա Փոքր ՀԷԿ-երի քանակը վաղուց անցել է թույլատրելի սահմանը: Տեղի է ունենում բառիս բուն իմաստով տարածքի ոչնչացում: Չորացվում են ամբողջ գետային ավազանները: 30-40 կմ ձգվող գետերի վրա մինչև 15 ՀԷԿ են կառուցում,օրինակ ՝ Քաշաթաղի շրջանում»,- panorama.am-ի հետ զրույցում ասաց Քանանյանը:
Մինչ հացադուլը Քանանյանը հանդիպումներ ունեցել է Արցախի պետական այրերի հետ, սակայն՝ ապարդյուն:
«Վերջին երկու տարիների ընթացքում հարյուրից ավելի անգամներ ահազանգել եմ, սակայն ապարդյուն: Անցած տարվա հունիս ամսին գնացել եմ Արցախի բնապահպանության նախարարին զգուշացրել եմ, որ այլևս չեմ հանդուրժելու որևէ ՀԷԿ-ի կառուցում: Բայց դեկտեմբերին հայտնաբերեցի, որ միանգամից չորս ՀԷԿ են կառուցում, որոնցից երկուսի օրինականությունը կասկածելի է:
Ու, քանի որ խոսքս չհարգվեց, ես ստիպված եղա մարդկանց ուշադրույթունը խնդրին գրավելու համար հացադուլ սկսել:
Այս պահին, իմ պահանջներից կատարվել է միայն մի մասը ՝ մեկ շաբաթով դադարեցվել են շինարարական աշխատանքները: Բայց պետք է ոչ միայն ամբողջ շինտեխնիկան դուրս բերեն շինգոտիներից, այլև առհասարակ ստանձնեն հստակ քաղաքական պարտավորություն ՝ այսուհետ Քարվաճառի շրջանում ոչ նոր ՀԷԿ չկառուցելու , դա վերաբերում է նաև տարածքում կառուցվող չորս ՀԷԿ-երին:
Քարվաճառի շրջանը չի կարող հանդուրժել այդ քանակի ՓՀԷԿ-երի կառուցում, որոնք վերացնում են ոչ միայն շրջակա միջավայրն, այլև շրջանը համապարփակ զարգանալու որևէ հեռանկար»,-ասաց հացադուլ անող արցախցին:
Մինչև Արցախի պատասխանատու օղակներին ուղղված պահանջի ի կատար ածումը Քանանյանը կշարունակի հացադուլը: Եթե ողջամիտ ժամկետների մեջ չկատարեն պահանջը, ապա կարող է անցնել նաև ջրադուլի: Քանանյանը վճռական է տրամադրված, թեև այսօր արդեն ինքնազգացողությունը թույլ է, իր խոսքով ՝ տկարություն է զգում, բայցև ի վիճակի է շարունակել պայքարը:
Ավելին նա տեղեկացրեց, որ Ստեփանակետից ևս մի քաղաքացի ՝ Մհեր Պողոսյանը, միևնույն պահանջով հայտարարել է հացադուլ: Ալեքսանդր Քանանյանն ասում է նրան չի ճանաչում, ծանոթացել է միայն երեկ, երբ Պողոսյանը հայտարարել է հացադուլի մասին: Բոլոր դեպքերում, նրանց միավորում է նույն պահանջը, Քանանյանը կարծում է, որ պահանջատերերի շրջանակը դեռ կընդլանվի: