Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա. փոխնախարար
Վայոց ձորում 2019 թվականի սեպետմբերին ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Փոխգնդապետի վիճակը չի փոխվել, նույնն է, ինչ առաջին օրերին ասել ենք։ Այսինքն՝ որևէ փոփոխություն՝ ոչ դրական, ոչ բացասական, չկա»,- նշեց փոխնախարարը։
Նշենք, որ Արա Մխիթարյանը հոսպիտալ է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, բավականին մեծ արյունազեղման օջախով, ուղեղի աջ կիսագնդի դիսլոկացիայով, անգիտակից վիճակով։
Հիշեցնենք, որ որ 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին, իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ: գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ըստ ԶԼՄ-ների՝ ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։
Քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել էին, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Նշենք, որ միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի բնակիչ
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող անձնակազմին
- Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
- Վաղը ցերեկը Եղեգնաձորում ջուր չի լինի