Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
«Այսօր լրանում է մեր հերոսի 30-ամյակը, որն իր սխրանքով հայ ժողովրդին պարգևել է արժանապատվություն ու խաղաղություն, ազատություն և անկախություն»,- իր խոսքում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նշենք, որ կենտրոնում բալենու տնկի կար, որը, ինչպես ընդգծեց ռեկտորը, Ուրֆանյանի սիրելի ծառն է։ Նրա խոսքով՝ եղանակային պայմաններից ելնելով այն այսօր չեն տնկի, սակայն ապրիլի առաջին օրերին՝ նրա հիշատակի օրը, բալենին կտնկեն վերականգնողական կենտրոնի բակում։
Արմեն Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը նշեց, որ սիրով է ընդունել ռեկտորի առաջարկն՝ այս կենտրոնն անվանակոչել որդու անունով։
«Իմ տղան ու իր ընկերներն իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի, և այսօր այդ տղաներին արժևորում են։ Ոչ միայն ես, այլև ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շնորհակալ ենք, որ մեր զավակներին գնահատում են, իսկ հաշմանդամություն ունեցող զինվորներին՝ աջակցում»,- նշեց նա։
Հերոսի մայրն ասաց, որ հիմա այստեղ իր Արմենակի օթևանն է. «Դա ինձ ավելի է կապելու այս կենտրոնի հետ»։
Համեստ Ուրֆանյանի խոսքով՝ Արմենակը շատ էր բալ սիրում, և ինքն է խնդրել ռեկտորին, որ բալենի տնկեն այգում:
«Վերջին անգամ Վալենտինի տոնի կապակցությամբ Արմենակը որոշել էր վարդեր նվիրել նշանածին: Ես իրեն ասացի, որ վարդերը շուտ թոշնում են, ինչո՞ւ չի ցանկանում տնային բույսեր նվիրել: Նա համաձայնեց և տնային բույսեր նվիրեց Գոհարիկին: Եվ այդ ծաղիկներն այդպես էլ մինչև հիմա կան: Ու ես սկսեցի բույսեր մշակել՝ տղայիս շունչը զգալու»,- ասաց նա:
Հերոսի մայրը նաև հիշում է, որ «Եռաբլուր» պանթեոնում Արմենակի հուղարկավորությունից հետո նկատել է, որ նրա գերեզմանի վերևում բալենի է, ուստի համարում է, որ դա որդու ծառն էր:
Միջոցառման ժամանակ Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ վերականգնողական կենտրոնում բացվող հաջորդ լսարանը կանվանակոչեն Արմեն Ուրֆանյանի զինվորների՝ Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի անուններով։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան