Սերժ Սարգսյանը Փաշինյանի հայտարարությունները հերյուրանք որակեց
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ մի քանի ներկայացուցիչների հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։
Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորեց զինվորներին ու սպաներին, գեներալներին ու զորահրամանատարներին, քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաներին, բանակի կայացման գործում մեծ ավանդ ունեցող ու մինչ օրս քեֆ ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող, անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով բանակի շարքերը համալրող ժողովրդի զավակներին։
«Մեր բանակը փառապանծ ու հաղթական բանակ է։ Անկախ այն բանից, որ այս բանակի ձևավորման առաջին իսկ օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել։ Չի հաջողվել մի պարզ պատճառով, որովհետև մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը պաշտպանելու Հայաստանի ու հայ ժողովրդի՝ այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը։ Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը։ Սա անթույլատրելի է»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նա վստահություն հայտնեց, որ նաև ԶԼՄ-ների օգնությամբ հայկական բանակը միշտ լինելու է վստահելի, իսկ բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու ժողովրդի համար։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած այն տեղեկությունները, ըստ որոնց բանակցվել է մի փաստաթուղթ, ըստ որի պետք է Արցախի յոթ շրջաններ հանձնվեն Ադրբեջանին։ Ի պատասխան Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Այսինքն դուք այդքան համառորեն ուզո՞ւմ եք այս լուսավոր օրն անդրադառնալ ինչ-որ հերյուրանքների»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան