Տեղեկություններ ունենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին ևս բերման են ենթարկել. Սամսոնյան
«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի ձերբակալությանը։
Սամսոնյանի խոսքով, մեղմ ասած, ծիծաղելի է ոստիկանության պարզաբանումը, որ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
«Նիկոլ Փաշինյանը, լինելով բանակից խուսափած, դասալիքների կառավարության դասալիք ղեկավար, բանակի օրով էսպիսի շոու է կազմակերպել՝ բանակում ծառայություն անցած մարդու նկատմամբ։ Սա ամենախորհրդանշական երևույթն է այսօրվա մեջ։ Սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է՝ դասալիքը բռնել է բանակում ծառայած մարդուն»,- հավելեց Սամսոնյանը։
Սամսոնյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը մերկացնում էր ՀՀ ԱԽ քարտուղարի «հիբրիդային պատերազմն՝ ընդդեմ Ռուսաստանի», և Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում դրել էր մի հատված, որտեղ երևում է՝ ԱԽ քարտուղարը զբաղված է ՌԴ դեմ հիբրիդային պատերազմով։
Ըստ Սամսոնյանի՝ իրեն էլ բերման կենթարկեն։ Նա նշեց՝ տեղեկություններ ունեն, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին ևս բերման են ենթարկել. «Քաղաքական հետապնդումը, ինչպես սիրում է ասել դասալիք Նիկոլ Փաշինյանը, պոզով-պոչով չի լինում»։
Նշենք, որ Տեր-Նակալյանի հեռախոսահամարն այս պահին անհասանելի է։
Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց, որ ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանին:
Սամսոնյանն ասաց, որ քաղաքական-հասարակական գործիչներին բերման ենթարկելը մեկ նպատակ է հետապնդում՝ տիրանալ հեռախոսներին, ստանալ հասանելիություն անձնական նամակագրություններին և ներբեռնել ծրագրեր հեռախոսներում։
«Սա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով տեղի ունեցած գործողություն է»,- նշեց Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
- Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու ձև է. Բաբայանը՝ Մալյանի ձերբակալության մասին
- Միհրան Հակոբյան. Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին