Երուսաղեմը չի վաճառվում. Աբբասն արձագանքում է Թրամփի «դարի գործարքին»
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նախօրեին ասաց. «Հազար անգամ ՈՉ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած Մերձավոր Արևելքի խաղաղության պլանին»։ Այս մասին գրում է aawsat կայքը։
«Այն անհեթեթությունը, որը մենք այսօր լսեցինք, մենք հազար անգամ ասում ենք ՈՉ՝ դարի գործարքին։ Ես ասում եմ Թրամփին և Նեթանյահուին. Երուսաղեմը չի վաճառվում, մեր բոլոր իրավունքները չեն վաճառվում և գործարքի համար չեն: Եվ ձեր գործարքը, դավադրությունը, չի անցնի», - ասել է Աբբասը՝ Ռամալլա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ պաղեստինցիները շարունակում են հավատարիմ մնալ իսրայելական օկուպացիային վերջ տալուն և Երուսաղեմի արևելքում պետություն հիմնելուն:
«Մենք ծնկի չենք գա և չենք հանձնվի», - ասել է Աբբասը։
Նշենք, որ ըստ Թրամփի խաղաղության պլանը կազմված է 180 էջից, որով առաջարկվում է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից և Հորդանան գետի արևմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ, որով արաբական պետության տարածքը կրկնակի կմեծանա: Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք, իսկ Պաղեստինին առաջարկվում է մայրաքաղաք ունենալ Արևելյան Երուսաղեմում, որտեղ «ԱՄՆ-ը հպարտորեն կբացի իր դեսպանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ու Թուրքիայի արձագանքը՝ Մերձավոր Արևելքում Թրամփի «դարի գործարքին»
- Թրամփը ներկայացրեց մերձավորարևելյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը
- Թրամփի պլանը ենթադրում է Իսրայելի ինքնիշխանությունը Հորդանանի հովտի վրա
- Թրամփը Վաշինգտոնում այսօր հանդիպելու է Նեթանյահուի և Գանցի հետ․ Reuters