Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին ազատ չարձակել Համբիկ Սասունյանին
Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանելու մեղադրանքով։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում հետևյալ հայտարարությունն է հրապարակվել․ «Կոչ ենք անում ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին ազատ չարձակել մեր գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին»։ Ըստ հայտարարության՝ Սասունյանի ազատ արձակումը կարող է վատ նախադեպ լինել պաշտոնատար անձանց դեմ բռնության տարածման առումով։
Աղբյուրը նշում է, որ 2019թ․ դեկտեմբերի 29-ին Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհուրդի որոշմամբ Սասունյանին պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր տրվել։ Իսկ արդեն 2020թ․ հունվարի 27-ին տեղի ունեցած նիստում, չնայած Թուրքիայի բոլոր հորդորներին ու հայտարարություններին, Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։ Որոշումը դեռ պետք է հաստատվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից, բացի այդ՝ այն ենթակա է նաև բողոքարկման։
Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր 1982թ․ հունվարի 28-ին սեփական մեքենայում։ Սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը։ Այդ գործով ցմահ ազատազրկման էր դատապարտվել խմբի անդամ Համբիկ Սասունյանը 1982-ին, սակայն նա չէր ընդունել իր մեղքը։ Միայն 20 տարի անց՝ 2002թ․, պայմանական ազատ արձակման հնարավորություն ստանալու հեռանկարով Սասունյանը ընդունել է հանցագործության մեջ իր մասնակցությունն ունենալու հանգամանքը՝ ցավակցելով Արըքանի հարազատներին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում մերժվել է Համբիկ Սասունյանի դատական նիստը ավելի վաղ անցկացնելու դիմումը
- ԱՄՆ-ի թուրքերը ստորագրահավաք են անցկացնում Համբիկ Սասունյանին ներում շնորհելու գործընթացը կանխելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան