2019-ին մեծ քանակի հեռուստաընկերություններ են տուգանվել
«Մենք նախորդ տարի աննախադեպ մեծ քանակի տուգանքներ ենք կիրառել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նրա ներկայացրած տվյալներով, 2019 թվականի արդյունքում տուգանք է կիրառվել թվով 12 ռադիոհեռուստաընկերության նկատմամբ, ընդամենը 6 միլիոն 200 հազար դրամի չափով: Համեմատության համար նշեց, որ 2011-18 թթ. տուգանքվել է ընդամենը 10 ռադիոհեռուստաընկերություն, 5 միլիոն 800 հազար դրամի չափով:
«Շատերի մոտ այնպիսի հապարակումներ ենք հանդիպում, որ մենք սկսել ենք ավելի կոշտ պատժել, որոշ չափով դահիճի դեր ենք կատարում: Դա, հավատացնում եմ, այդպես չէ, պարզապես սկսել ենք լիովին իրականացնել մեր պարտավորությունները»,- ասաց Տ. Հակոբյանը:
Նրա խոսքով, եթե նախկինում որևէ անգամ հեռուստաընկերությունը չի տուգանվել սարսափ տեսարանները ցուցադրելու համար, ապա նախորդ տարի հեռուստաընկերություններից մեկին տուգանել են ժամը 24-ից շուտ սարսափ տեսարաններ ցույց տալու համար:
«Որևէ անգամ հեռուստաընկերությունների նկատմամբ սանկցիա չի կիրառվել կրոնական խտրականություն իրականացնելու կամ քարոզելու համար, ինչը շատ կարևոր է: Նախորդ տարի տուգանվեց հեռուստաընկերություններից մեկն իսլամը շատ կոպիտ, սխալ լուսաբանելու համար»,- ասաց նա:
Տ.Հակոբյանի խոսքով, տուգանքները կապված են նաև հեղինակային իրավունքի խախտման հետ:
«Գոհունակությամբ ասեմ, որ, ըստ մեր ուսումնասիրությունների, հանրապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունները շատ կոշտ պահպանում են հեղինակային իրավունքը»,- ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:
Նա նշեց, որ բռնության տեսարանները, հեղինակային իրավունքի խախտումը, արգելված գովազդն էականորեն եթերում պակասել է. «Դրանով մենք նաև հավասար դաշտ ենք ստեղծում բոլոր հեռուստաընկերությունների համար»:
Հարցին, թե Հայաստանում ատելության խոսքի աճ կա, հնչում է սոցիալական ցանցերում, ձեր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում ի՞նչ պատկեր է, Տ.Հակոբյանը պատասխանեց, որ ամենաբարդն այն է, որ Հայաստանում նույնիսկ ատելության խոսքի հասկացությունը չկա, ինչպե՞ս կարելի է մի բան կարգավորել, որն իր սահմանումը չունի:
«Մենք ատելության խոսքի իրավական սահմանում չունենք, դա էլ է մանիպուլյացիայի հնարավորություն տալիս, ցանկացած բառը, որը որևէ մեկին դուր չի գալիս, համարում է ատելության խոսք»,- ասաց նա:
Տ. Հակոբյանի խոսքով, դրսում ատելության խոսքը հստակ սահմանումներ ունի: Ըստ նրա, սա Հայաստանում բացթողում է, կոչ է անում այն ատյաններին, որոնք պետք է զբաղվեն, սկսեն գործընթացը: