
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները
Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝
իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը.
հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:
Արդարադատության նախարարության կողմից ընտրված վերոնշյալ թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:
«Միաժամանակ տեղեկացնենք, որ Արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու»,- հայտնում են արդարադատության նախարարությունից:
Հիշեցնենք, որ հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել նաև արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին
- «Հրապարակ». Որևէ խնդիր չպիտի առաջանա Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում
- ԱՆ-ն՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի թեկնածության հայտը փոստային առաքման վերաբերյալ