Թրամփը ներկայացրեց մերձավորարևելյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Մերձավոր Արևելքի հակամարատության կարգավորման իր ծրագիրը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ: Պաղեստինյան կողմը ի սկզբանե մերժել էր ծրագիրը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանն ընդունել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Կողմերը բանակցել են նախագահ Թրամփի առաջարկած մերձավորարևելյան հակամարտության կարգավորման ծրագրի շուրջ՝ այն անվանելով դարակազմիկ:
«Կարծում եմ մոտ ենք հաջողության, սակայն պետք է ստանանք այլ մարդկանց համաձայնությունը: Արաբական շատ երկրներ հավանություն են տվել ծրագրին»,- նշել է նախագահ Թրամփը:
«Այս համաձայնությունը դարակազմիկ հնարավորություն է: Չենք պատրաստվում կորցնել այն»,- ասում է Նեթանյահուն:
Բանակցությունների հաջորդ օրը Թրամփն ու Նեթանյահուն միասնաբար ներկայացրել են ծրագիրը: Ըստ ծրագրի, ԱՄՆ նախագահն առաջարկում է ստեղծել պաղեստինյան պետություն, որի մայրաքաղաքը կգտնվի Արևելյան Երուսաղեմում: Պետության ստեղծումը կապված է լինելու պաղեստինան կողմի ջանքերի հետ ինքնակառավարման անցնելու հարցում: ԱՄՆ կճանաչի օկուպացված իսրայելական տարածքները որպես Իսրայելի մաս, իսկ Իսրայելը կպարտավորվի չորս տարի սառեցնել որևէ նոր բնակավայրի կառուցում, քանի դեռ պաղեստինյան պետականության շուրջ ընթանալու են բանակցություններ:
Պաղեստինյան կողմը սակայն մերժել էր ծրագիրը դեռևս նախքան դրա պաշտոնական հրապարակումը: Որևէ պաղեստինցի պաշտոնյա ներկա չէր ծրագրի հայտարարմանը: Պաղեստինյան կողմը համարում է, որ ԱՄՆ վարում է իսրայելամետ քաղաքականություն և չի հանդիսանում այլևս անաչառ միջնորդ: Նախագահ Թրամփի ծրագրի հրապարակմանը պաղեստինցիները պատասխանել են Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքներում բողոքի ցույցերով:
«Այս համաձայնագրի նախագիծը հակաօրինական է և հիմնված չէ միջազգային օրենքի վրա: Այն իսրայելական կողմին է տալիս ամեն ինչ պաղեստինցիների հաշվին՝ խախտելով պաղեստինցի ժողովրդի իրավունքերը: Այն չի կարող հանգեցնել հիմնախնդրի արագ կարգավորմանը և առաջ է քաշվել լուրջ քաղաքական գործընթացում վստահելի անաչառ բնութագիրը կորցրած միջնորդի կողմից»,- հայտարարել է Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մուհամադ Շտայեն:
Սակայն նախագահ Թրամփը հույս է հայտնել, որ ծրագիրը կստանա պաղեստինյան կողմի աջակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին