Ուհանում գտնվող ՀՀ քաղաքացիները տանից դուրս չեն գալիս, հետևում են սննդակարգին և մշտական կապի մեջ են ԱԳՆ-հետ
Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից տարածում է գտել նոր տիպի կորոնավիրուսի վարակը, նախնական տվյալներով, կա 5-6 ՀՀ քաղաքացի։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, նրանցից 3-ը ուսանող են, 2-3-ը պայմանագրային հիմունքներով աշխատողներ։
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է նրանց հետ. «Մենք էլ ԱԳՆ-ի հետ ամենօրյա աշխատանքային քննարկումներ ենք ունենում, դեռևս որևէ խնդիրներ չունենք։ Նրանք տանից դուրս չեն գալիս, հետևում են նաև սննդակարգին»:
Նա նաև նշեց, որ հիվանդության դեպքերի մեծամասնությունն ու մահացության բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում։ Ըստ մասնագետի՝ մահացու ելքերն արձանագրվել են այն հիվանդների մոտ, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ։
«Այսինքն՝ սա կարելի է նմանեցնել գրիպին, ուստի բոլոր կանխարգելիչ միջոցառումներն այս դեպքում կիրառելի են»,- ասաց Լիանա Թորոսյանը։
Մասնագետը քաղաքացիներին կոչ արեց հետևել ձեռքերի հիգիենային, օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվանալ ձեռքերը՝ դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ: Նա նաև խորհուրդ տվեց գոնե երկու ամիս սահմանափակել այցելությունները դեպի Չինաստան։
Նշենք, որ կորոնավիրուսային վարակի հարուցիչը վիրուս է, որի հիվանդային ախտանշաններն են՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն: Ինկուբացիոն շրջանը 14 օր է:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն էլ հայտնեց, որ իրենք պարբերաբար կապի մեջ են ԱՀԿ-ի հետ։ Նա նշեց, որ ԱՀԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, հաստատվել է կորոնավիրուսով վարակված 4537 դեպք, որոնցից 106-ը մահացել են:
ՉԺՀ առողջապահության պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն էլ, ըստ փոխնախարարի, արձանագրվել է 5997 դեպք, որից 132-ը մահվան ելքով։ Հիվանդության դեպքերի մեծամասնությունն ու մահացության բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում, սակայն վիրուսը հայտնաբերվել է նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Վիետնամում, Սինգապուրում, Ավստրալիայում և Մալայզիայում։
Լենա Նանուշյանի խոսքով՝ վարակի փոխանցման հիմնական աղբյուրը հանդիսացել են Ուհան քաղաքի շուկայում ծովամթերքների և վայրի կենդանիների վաճառքի կետերը:
«Հնարավոր է, որ վիրուսը կենդանիներից և ծովամթերքներից փոխանցվել է մարդուն»,- ասաց նա։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳՆ-ի հետ, իրավիճակը քննարկում են նաև տարածաշրջանի, ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիայի գիտնականները ստեղծել են լաբորատոր կորոնավիրուսը` պատվաստանյութի ստեղծման ջանքերն արագացնելու համար
- Օդանավակայաններում մշտական հսկողություն է իրականացվում ժամանող ուղևորների նկատմամբ. Քաղավիացիա
- Չինաստանում 48 ժամում դատարկ շենքը վերածել են 1000 տեղանոց հիվանդանոցի
- ԱՄԷ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է
- Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա
- Փորձագետը գնահատում է կորոնավիրուսային վարակի ռիսկը AliExpress-ի ծանրոցների միջոցով
- Նոր կորոնավիրուսը վերածվում է համաճարակի
- Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար
- Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան