Չինաստանից Հայաստան վերադարձած ընտանիքի հետ. Ո՞ւր գնալ, ինչպե՞ս ստուգվել
Գարիկ Մկրտչյանը, որ տևական ժամանակ ընտանիքի հետ ապրում էր Չինաստանում, երեկ գիշեր վերադարձել է Հայաստան։ Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հունվարի 18-ից մեկնել են Վիետնամ՝ արձակուրդները վայելելու։ Այդ ընթացքում կորոնավիրուսի մեծ թափով տարածումը նրանց ստիպել է վերադառնալ ոչ թե Չինաստան, այլ՝ Հանոյից Մոսկվայով Երևան։
Գարիկ Մկրտչյանը դստեր հետ Հանոյի օդանավակայանում
Հայ ընտանիքն ապրել է Շանհային մոտ չինական Նինգբո քաղաքում, որը համաճարակի էպիկենտրոն Վուհան քաղաքից շատ հեռու է։
«Բայց վարակակիրների թվով այդ նահանգը, որտեղ մենք էինք ապրում, երկրորդն է»,-պատմեց նա։
Մոսկվայի օդանավակայանում Գարիկին ու ընտանիքի անդամներին առանձնապես չեն ստուգել։
«Մենք լսել էինք, որ շատ խիստ են Մոսկվայում ստուգում, բայց զարմանալիորեն ոչ մի բան իրականում չստուգեցին։ Հանոյ-Մոսկվա թռիչքն էր, կնոջս հարցեր են տվել այնտեղ մեկնելու նպատակի մասին, ինձ էլ բացարձակ որևէ բան չհարցրեցին։ Ոչ խուճապ կար, ոչ անհանգստություն»,-ասում է նա։
Երևանի Զվարնթոց օդանավակայանում, երբ տեսել են դիմակներով են, չափել են մարմնի ջերմաստիճանը, հարցուփորձ են արել, տեղեկատվական թերթիկներն են տվել լրացրել։
«Ճիշտ է՝ նման ախտանշաններ չկան, բայց մեր հանգստության համար մենք ցանկանում ենք գնալ ստուգվել՝ արդյո՞ք վիրուսակիր ենք, թե՞ ոչ։ Նախարարության թեժ գծին զանգահարում եմ, չեն պատասխանում»,-ասաց Գ. Մկրտչյանը։
Գարիկի խոսքով, Չինաստանում մեր հայրենակիցներից ոմանք ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում։ Օրինակ, ընտանիքի բարեկամներից մեկը իրենց քաղաքից Պեկին ինքնաթիռի տոմս էին գնել, որպեսզի հասնեին Երևան, բայց պարզվել է, որ չվերթը կասեցվել է։
«Հիմա մարդկանց շարժը սահմանփակում են, մարդիկ փակվում են իրենց տներում, դուրս չեն գալիս։ Ես առավոտ էլ խոսեցի իմ ծանոթների հետ, նրանք տանը նստած են, ոչինչ չեն ձեռնարկում, սպասում են զարգացումների։ Ի վերջո Չինաստանից Հայաստան հասնելը հեշտ չէ»,-նշում է նա։
Panorama.am-ը պետական մարմիններից փորձեց հստակեցնել, թե ուր պետք է դիմեն Չինաստանից Հայաստան վերադարձած քաղաքացիները՝ վիրուսակիր լինել-չլինելը ստուգելու համար։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը տեղեկացրել է՝ Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր դեռ չկան: Սակայն Հայաստանը կասկածելի ցանկացած դեպքի համար նմուշներ կուղարկի եվրոպական տարածաշրջան՝ համագործակցող լաբորատորիաներ:
«Հայաստանն այս առումով ռիսկային երկիր չի համարվում: Սակայն ունենք ամբողջ լաբորատոր կարողությունները` ախտորոշելու կորոնավիրուսով պայմանավորված ատիպիկ թոքաբորբը, և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը, որը ևս պայմանավորված է կորոնավիրուսներով»,-նշել է նա։
Ինչ վերաբերում է Չինաստանից ժամանածներին, ապա Panorama.am-ի հետ զրույցում Լ. Թորոսյանն ասաց, քաղաքացիներն անցնելով ջերմացույցի տակով, լրացնում են հասցեական քարտեր, որտեղ գրում են տվյալներ, թե որտեղից, որ չվերթով, որտեղ է մնալու և այլն, և այլն։
«Մեր մասնագետները նրանց նկատմամբ 14 օր շարունակ վերահսկողություն են սահմանելու, ջերմաչափում են իրականացնելու, ինքնազգացողությունն են ստուգելու։ Եթե այդ ընթացքում տվյալ անհատը կունենա խնդիր, նախ կիրականացնենք թոքերի ռենտգեն, եթե կլինի թոքաբորբ, դա արդեն մեզ կհուշի հիվանդության մասին։ Հիմա մեր մասնագետները կայցելեն Մկրտչյանների ընտանիքին, ջերմաչափում կանեն, 14 օրվա ընթացքում վերահսկողություն կիրականացնենք»,-ասաց բաժնի պետը։
Մասնագետի խոսքով, պետք է մեծ ուշադրություն դարձնել առողջ սնվելուն, սենյակների օդափոխմանը, քանի որ այս պահին գրիպի սեզոնում ենք։
«Ես ուղղակի հորդորում եմ, խուսափել այդ երկրներ գնալուց»,-ասաց նա։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ օդանավակայանում այս պահին ջերմաչափող սարքերի թիվն ավելացվում է։
Միաժամանակ, համալրվում են տեսչական մարմնի սահմանային անցման կետերի աշխատակիցների անհատական պաշտպանական միջոցները։
Լուսանկարները տրամադրել է Գ. Մկրտչյանը, դրանք հրապարակվել են ընտանիքի թույլտվությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ուհանում գտնվող ՀՀ քաղաքացիները տանից դուրս չեն գալիս, հետևում են սննդակարգին և մշտական կապի մեջ են ԱԳՆ-հետ
- Օդանավակայաններում մշտական հսկողություն է իրականացվում ժամանող ուղևորների նկատմամբ. Քաղավիացիա
- Կորոնավիրուս. Դիտարկվում են տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է Չինաստանից ուղևորահոսք դեպի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան