ՍԴ հարցը օրհասական չէ, որ իշխանությունն իր ներուժը կենտրոնացրել է դրա վրա. Տոնոյան
«Որևէ մեկը չի կարող ԲՀԿ-ի հետ խոսել վերջնագրերի լեզվով»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ պատգամավորը ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին 20 օր ժամանակ տվեց՝ մանդատը վայր դնելու։
Անդրադառնալով, իր խոսքով, բազմաչարչար գրիչի շուրջ ծավալված զարգացումներին՝ Տոնոյանը նշեց, որ գրիչի պատմության մեջ քաղաքական բովանդակություն բացարձակ չկար։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ պարտավոր է քննարկել քաղաքական բովանդակությամբ հարցերը, իսկ գրիչի դեպքում նման հարց չկա. «Մենք պետք է լինենք դաշտում, որը մեզ վստահված է։ Այստեղ քաղաքական հարցեր պետք է լուծվեն»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ստացված գրիչը՝ որակելով այն որպես քծնանքի դրսևորում։
Աբովյանի խոսքով, յուրաքանչյուր իրադարձություն ՀՀ-ում պետք է լինի բացառապես իրավական դաշտում։
Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ վաղուց արդեն անցել է իշխանությունների փորձաշրջանի ժամանակահատվածը և եկել է կառուցողական դաշտ տեղափոխվելու ժամանակը։
«Տեսարաններից և ցանկալի ցուցանիշներից միշտ կարելի է խոսել։ Այդ ցուցանիշները երբեմն կարող են ջախջախիչ հակահարվածների արժանանալ, օրինակ, հարևան պետությունների տարբեր չինովնիկների կողմից»,- նշեց Տոնոյանը։
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երեկվա հարցազրույցին՝ Տոնոյանը նշեց, որ ցանկացած գործընթաց պետք է իրավական տառին համապատասխան իրականացվի. «Թովմասյանն ունի իր կարծիքը, իսկ իշխանությունները հավատացած են իրենց ճշմարտացիության մեջ։ ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու գործընթացը իրավաբանորեն խոցելի է, և ես վստահ եմ, որ այս գործիքակազմում դեռ այլ գործիքներ է իշխանությունը բանեցնելու, եթե դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելը չստացվի»։
Այնուամենայնիվ, Տոնոյանը նշեց, որ ՍԴ հարցը օրհասական խնդիր չէ երկրի համար, որ իշխանությունն իր ներուժը կենտրոնացրել է դրա վրա։
Նաև ասաց, որ տարօրինակ է համարում երեկ ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական գործիչներին բռնել-բաց թողնելու օպերացիան. «Բոլոր գործողությունները պետք է ձեռնարկվեն իրավական դաշտի շրջանակում, անկախ այն բանից, թե ում հանդեպ են կիրառվում»։
Արման Աբովյանն էլ նշեց, որ քաղաքացիների հանդեպ կիրառվող ցանկացած գործողություն պետք է հիմնավորված լինի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին