Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝ այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նշել, որ հանդիպման նպատակը տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու, գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակ ունի՝ այս համատեքստում կարևորելով աշխատանքների փոխգործակցության ձևաչափը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը, պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները, ինչպես նաև պարզաբանումներն են տրվել ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Լ․ Շուշանյանը ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով ակնկալելով առավելագույն բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում։