Մակրոն. Աշխատանքներ են տարվում Ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ
«19 տարի է արդեն, որ Ֆրանսիան իր օրենքում ճանաչել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Սա շատերի պայքարն էր, Շառլ Ազնավուրի, Ֆանսուա Միտերանի, բազում մտավորականների։ 1 տարի է ադեն, որ, ինչպես ես խոստացել էի, ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է որպես ցեղասպանության հիշատակման օր»,- իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակիրոնը, որը նախօրեի երեկոյան մասնակցում էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանը։
«Ես ուզում եմ նշել ձեր պայքարը, որը երբեք չի եղել պայքար միայն հայերի ու ցեղասպանության ճանաչման համար, այլ միշտ եղել է պայքար բոլոր տեսակի ժխտողականության դեմ, հանուն արդարության ու արժանապատվության Հանրապետության ներսում»,-ասաց Մակրոնը։
Միջոցառմանը ներկա էր նաև թուրք գրող Թաներ Աքչամը, ում շնոհակալություն հայտնեց Մակրոնն իր տաղանդի, պատմական ճշմարտությունը վեր հանելու համար։
«Թուրքիան, ակնհայտորեն, իր քաղաքականության կենտրոնում դրել է ռևիզիոնիզմը»,-ասաց Մակրոնը։
Կրկին դիմելով Թաներ Աքչամին՝ Մակրոնն ասաց, որ Աքչամն իր աշխատանքում, մասնավորապես «Սպանելու հրամաններ» գրքում, ներկայացրել է փաստարկներ, իսկությունը, կազմակերպված հանցագործության գիտական հաստատումը։
«Սևրի պայմանագրից 100 տարի անց մենք ունենք նոր արևելյան միջերկրածովյան էքսպանսիոնիզմ»,-ասաց Մակրոնը, նշելով, որ ոչ մի հաշտեցում հնարավոր չէ, երբ ժխտվում, թաքցվում է պատմությունը, ոչ մի կոմպրոմիս հնարավոր չէ, երբ վիրավորում է հիշատակը։
Մակրոնն իր խոսքում անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը, ասաց, որ այս հարցի առնչությամբ քննարկումներ են արվել, աշխատանքներ են տարվում ու պետք է գտնել իրավական ուղին։