Պետական բյուջեով նախատեսվել է ռեկորդային կապիտալ ծախսեր. վարչապետ
Այս տարվա պետական բյուջեով նախատեսվել է ռեկորդային կապիտալ ծախսեր։ Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա միաժամանակ նշեց, որ ՀՀ-ում կա կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: «Հիմա մենք ներդրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը 100 տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի, բայց վերջին 10-15 տարիների պրակտիկան ցույց է տալիս՝ միևնույն է մենք դեռ 100 տոկոսին հասնելու համար շատ երկար ճանապարհ պետք է անցնենք»,- ասաց վարչապետը։
Այսպիսով, ըստ Նիկոլ Փաշինյանի, նախատեսվում է եռամսյակը մեկ վերլուծել, թե կապիտալ ծախսերն ինչպես են արվել, և դրանց չկատարված մասը վերաբաշխելու են պետական բյուջեի հավելվածում նշած առաջնահերթ ծրագրերի վրա, որպեսզի ունեցած գումարը ծախսենք առավել արդյունավետ։
Վարչապետի խոսքով՝ ինքը խնդիր է դնում, որ մայիսի 1-ի դրությամբ իմանան, թե առաջին եռամսյակում ինչ են ծախսել, ինչը չեն ծախսել. «Եվ եթե պարզվի, որ 100 տոկոսով ծախսել ենք, շատ ավելի լավ։ Ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու, ոչ մի պարտավորություն անկատար չի լինելու, ուրախ եմ, որ 1,5 տարվա ընթացքում բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել»: