ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությանաշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ», - ասված է վարչապետի որոշման մեջ։