Հոգեկան խնդիրներ ունեցողների առողջացման մասով կատարվող աշխատանքները բավարար չեն. Քննարկում գործադիրում
Գործադիրն այսօրվա նիստում քննարկում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից օրենքի նախագծերում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու և դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:
Օրենսդրորեն ամրագրվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանվում է դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը, դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը, սահմանվում է հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Բացի այդ, սահմանվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները։
Նախագծով առաջին անգամ ամրագրվել են նաև ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կարգը և պայմանները, այդ թվում սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը:
Տարանջատվել են նաև ոչ հոժարակամ և հարկադիր հսկողությամբ կամ բուժման տեսակները, սահմանվել են դրանց իրականացման կարգերը:
Այսպիսով, նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կարևորելով նախագծի ընդունումը, նշեց, որ այս փոփոխությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում այդ շահառուների համար։
«Բայց ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով մարդկանց մեկուսացումից, այդ թվում՝ հոսպիտալացումից: Հասկանալով, որ մեր երկիրն այս պահին այդ բարեփոխումներին ամբողջությամբ պատրաստ չէ, մենք պետք է կամք ցուցաբերենք նաև մասնագիտական հանրույթի հետ այդ քննարկումներն իրականացնելու, որպեսզի կարողանանք նաև ՀՀ պարտավորությունները լիարժեք իրականացնենք»,- նշեց Զարուհի Բաթոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ի՞նչ պետք է անել այն դեպքում, երբ անձը վնաս է հասցնում շրջապատին, ագրեսիվ է. «ՄԱԿ-ն ասում է՝ էդ կարգավորումից հրաժարվեք ,ասե՞լ է՝ էդ մարդկանց, որ հնարավոր է վնաս տան շրջապատին կամ տալիս են, ի՞նչ անենք։ Մյուս մարդկանց դեպքում դատում ենք, տանում են քրեակատարողական հիմնարկ, իսկ եթե մարդը ենթադրաբար անմեղսունակ է, այդ կարգավորումը չկա, մնում է նրան թողնել անազատության մեջ ու ասել՝ ում ինչքան կարող ես վնաս հասցրո՞ւ»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ նախագիծը բավականին խնդիրներ լուծում է, իսկ գործնականում այդ ոլորտում խնդիրները շատ են։
«Ճիշտն ասած, ես ևս ծանոթ չեմ նման միջազգային իրավական կատեգորիկ պահանջի և տրամաբանական էլ չէ։ Անցած տարի ունեցել ենք 2 սպանություն, ծնողների սպանություն, որոնք իրականացվել են հոգեկան խնդիրներ ունեցող որդու կողմից։ Արդեն ունենք նրանց անմեղսունակ լինելու վերաբերյալ եզրակացություններ։ Եւ մտահոգիչն այն է, որ երկուսն էլ հաշվառված հիվանդներ են եղել, երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հոգեբուժական հիվանդանոցից ազատված եղել «լավացում» ախտորոշմամբ։ Կոնկրետ այդ դեպքերը ցույց են տալիս, որ բացի իրավակարգավորումներից նաև բովանդակային առումով այդ հիվանդների առողջացման մասով կատարվող աշխատանքները բավարար չեն։ Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է հիվանդանցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել ու օրերի ընթացքում մորը սպանել»,- նշեց Արթուր Դավթյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ այս նախագիծը շատ հարցեր կլուծի։ Նրա խոսքով՝ նախագծի մշակման ժամանակ արդյունավետ քննարկումներ են եղել, սակայն կան նաև չլուծված հարցեր։
Մասնավորապես, ըստ նրա, դեռ լուծված չէ անգործունակ անձանց և անչափահասների դեպքում իրենց կարծիքը հաշվի առնելու հոգեբուժարան տեղափոխելու հարցը։
Նիկոլ Փաշինյանը էլ նշեց, որ Հայաստանում հոգեբուժարանում հայտնվելը մարդու համար շատ հաճախ դառնում է դատավճիռ։ Նրա խոսքով՝ այս հարցում պետք է հավասարակշռված լուծում գտնել. «Խորհրդային Միության տարիներին, հայտնի բռնաճնշումների շրջանում, մարդուն հոգեբուժարանում մեկուսացնելը եղել է ամենալեգիտիմ ձևը»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան