ԵԽԽՎ-ն փաստեց․ Ադրբեջանում կան քաղաքական բանտարկյալներ
«Այլևս չի կարող լինել որևէ կասկած, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, և որ այն պայմանավորված է կառուցվածքային և համակարգային պատճառներով», - այսօր հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ հորդորելով իշխանություններին՝ ապահովել, որ ենթադրյալ դեպքերը վերանայվեն անաչառ մարմնի կողմից և իրականացվեն «հիմնարար բարեփոխումներ»՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման համար:
Հաստատելով զեկուցող Իսլանդիայի ներկայացուցիչ Թորհիլդուր Սուննայի բանաձևը՝ Վեհաժողովը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստական բացահայտումների հիման վրա, մի շարք անձինք «քաղբանտարկյալներ» են՝ համաձայն Վեհաժողովի սահմանման։ Դատարանը նաև գտել է քրեական արդարադատության համակարգը քաղաքականապես մոտիվացված օգտագործման «մտահոգիչ օրինաչափություն»։
Վեհաժողովը Ադրբեջանին հորդորում է՝ ապահովել, որ ենթադրյալ քաղբանտարկյալների ցուցակները վերանայվեն «անկախ և անկողմնակալ մարմնի կողմից», և նրանց ազատ արձակեն որպես քաղբանտարկյալներ՝ իր 2012 թվականի սահմանման համաձայն:
Վեհաժողովը նաև ողջունում է իշխանությունների կողմից վերջին տարիներին ձեռնարկված քայլերը՝ Ադրբեջանի քրեակատարողական, քրեական արդարադատության և դատական համակարգերի բարեփոխման ուղղությամբ, բայց ընդգծել, որ «դեռ շատ ավելի անելու բան է մնացել»:
ԵԽԽՎ-ն կոչ է անում «ամբողջական մոտեցում» ցուցաբերել բարեփոխումներին՝ միասնական լուծելով դատական համակարգում, գլխավոր դատախազությունում, ոստիկանությունում և կալանավայրերի համակարգում առկա խնդիրները, «ապահովել քաղաքական դրդապատճառներով կամայական կալանքի չկրկնումը, ինչպես պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից»։
Նշենք, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ այս զեկույցի նախապատրաստման համար հիմք հանդիսացավ «Ադրբեջանական լոնդրոմատը», երբ բացահայտվեց, որ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներով կաշառել էր ԵԽԽՎ պատգամավորներին՝ 2013թ․-ին գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելու համար, ինչն էլ արվել էր։ Այս գործում մեծ դեր էր կատարել ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն։
Այս բացահայտումից հետո ԵԽԽՎ-ն որոշեց, որ պետք է պատրաստվի նոր անաչառ զեկույց Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ։ Իսկ մինչ այս, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ Ադրբեջանում չկան քաղաքական բանտարկյալներ՝ մեջբերելով Շտրասերի զեկույցն ու ասելով, որ ԵԽԽՎ-ն ինքն էլ է մերժել է, որ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ։
Նշենք, որ բանաձևն ընդունվեց 82 կողմ, 28 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։ Դեմ քվեարկածների մեջ են Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Լեհաստանի ու Հունգարիայի պատվիրակները։
Հարակից հրապարակումներ`
- Միլանում մեկնարկել է Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ ներառված Լուկա Վոլոնտեի դատավարությունը
- ԵԽԽՎ-ն առաջարկում է նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ
- Նվերներ, մարմնավաճառներ Պեդրո Ագրամունտին՝ ադրբեջանամետ գործունեության համար
- ԵԽ-ում Ադրբեջանի նախկին դեսպան․ «Խավիարային դիվանագիտության» զեկույցից հետո ամեն ինչ շարունակվում է նույն կերպ
- ԵԽԽՎ-ում կոռուպցիան ու Լուկա Վոլոնտեի հետ կապված սկանդալը ԵԺԿ թեժ քննարկման առարկա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին