Արդիականացվել է Հրազդան քաղաքի լուսավորության համակարգը
«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակներում, արդիականացվել է Հրազդանի լուսավորության համակարգը: Քաղաքի խնդիրը գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել 2019 թվականին: Իրականացված աշխատանքների շնորհիվ, այս տարի արդեն, քաղաքի Սահմանադրության հրապարակում, շատրվաններով պուրակում և հարակից կենտրոնական փողոցներում էական փոփոխություն է արձանագրվել: Ցածր լուսատվությամբ ու ավելի ծախսատար՝ լյումինեսցենտ լամպերով աշխատող լուսարձակները փոխարինվել են ժամանակակից ամենաէներգախնայող ու կայուն լուսավորության միջոցներով՝ լուսադիոդային (LED) լուսարձակներով:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ նախկին՝ 105 և 150 Վտ հզորությամբ թվով 101 լուսարձակները փոխարինվել են 60 և 80 Վտ հզորությամբ լուսադիոդային (LED) լուսարձակներով: Նախնական հաշվարկներով, դրա արդյունքում շոշափելի խնայողություն կլինի: Մեկ ժամում կտնտեսվի 5,2 ԿՎտ էլեկտրաէներգիա, ինչը դրամային հաշվարկով մեկ տարվա կտրվածքով կկազմի շուրջ կես միլիոն դրամ: Համայնքային բյուջեի զգալի խնայողություն կլինի նաև լուսադիոդային (LED) լուսարձակների «երկարակեցության» հաշվին: Շահագործման ընթացքում շարքից շուտ դուրս եկող նախկին լամպերի հաճախակի փոխարինման անհրաժեշտություն այլևս չի լինի:
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ու համայնքի բնակիչներ:
«Միշտ կարևոր ենք համարել այն ծրագրերը, որոնք ապահովում են երկարաժամկետ արդյունավետություն: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող՝ լուսավորության ծրագիրը դրանցից մեկն է: Այն թույլ է տալիս համայնքներում կրճատել ավելորդ ծախսերը, ապահովել ավելի լավ լուսավորություն և առավել արդյունավետ ծախսել բյուջետային միջոցները: Լուսավորության արդիականացված համակարգի մյուս առավելությունը բնապահպանական տեսանկյունից արդարացված լինելն է: Համայնքների ոչ միայն ուղղակի, այլև համաչափ զարգացումը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Ամռան ամիսներին փողոցները կլուսավորվեն 21:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:
Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման համար, տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար
- Վիվա-ՄՏՍ. Եվս մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր
- Վիվա-ՄՏՍ. «Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով
- Վիվա-ՄՏՍ-ը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը հյուրընկալվել են Մայակովսկի գյուղում ապրող Մուրադյանների ընտանիքում՝ հաշվետու այցով