Երվանդ Վարոսյան. ՍԴ նախագահի դեմ մարտում, անկախ ելքից, այս իշխանությունը պարտվել է
«Ցավոք սրտի, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ինչ-որ բան պատճառաբանելու, հիմնավորելու, ապացուցելու անհրաժեշտություն չունենք։ Երկրի քաղաքական ղեկավարությունն ինքն ամեն ինչ ապացուցում ու հիմնավորում է»,-Panorama.am-ի հետ զրույցում, խոսելով ՍԴ նախագահի դեմ վերջին օրերին իրականցվող գործողությունների մասին, ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով, երկրի քաղաքական ղեկավարությունն այլևս ոչինչ չի թաքցնում, այլ ուղիղ ցույց է տալիս, թե ինքն ինչ է անում ու ինչ նպատակով է անում։
«Երկար տարիներ այդ ամեն ինչը եղել է ու մենք փորձել ենք հիմնավորել, հիմա հիմնավորելու կարիք չկա, մարդիկ բացահայտ ասում են՝ հեռացիր, կամ Սահմանդրական դատարանը պետք է լինի մեր կուսակցության սեփականությունը, կամ օրինակ, քեզ կբռնենք, սանիկիդ կկալանավորենք, աղջիկներիդ կհրավիրենք քննչական մարմին, քեզ կվարկաբեկենք։ Ամեն ինչ այնքան պարզ է»,-նշեց փաստաբանը։
Նա ընդգծեց, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին այն ինչ երեկ ցուցադրվել է Հանրային հեռուստատեսությամբ, արդեն կես տարի է՝ կա։
«Ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, արդյոք, նկարագրվող գործողություններն իրենց մեջ հանցակազմ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ, կամ Հրայր Թովմասյանը դրանց հետ կա՞պ ունի, բայց հարց եմ տալիս՝ վեց ամիս է դա կա, երեկ որպես նորություն դա ո՞ւմ եք հրամցնում, ինչի՞ էիք սպասում։ Սպասում էին, որ Հրայր Թովմասյանը կռանար։ Ընդամենը։ Բայց սա էլ անօգուտ է։ Ոչինչ այլևս օգուտ չի տալու։ Ելք այստեղից չկա՝ հատկապես գրիչի պատմությունից հետո»,-ընդգծեց Panorama.am-ի զրուցակիցը։
Թե ինչպես կհանգուցլուծվի այս հարցը, Վարոսյանը չգիտի, բայց մի բանում համոզված է՝ անկախ ելքից, իշխանությունն այս մարտում պարտվել է։
«Անկախ այն բանից, թե ինչքան այս քաղաքական ուժը կլինի իշխանության, այս պրոցեսը լինելու է այդ իշխանության խարանը ու միշտ կախված է լինելու իրենց գլխավերևում։ Անկախ ելքից, իշխանությունն այս մարտում պարտվել է։ Եվ այս իրավիճակին հանգեցրեցին իրենք իրենց քայլերով»,-ընդգծեց նա։
Փաստաբանի խոսքով, մինչ իշխանության գալն այս քաղաքական ուժը պետք է մտորեր մի հարցի շուրջ ու դրա վերաբերյալ հստակ պատասխան ունենար՝ իշխանության գալուց հետո Հայաստանը պատկերացնում են իրավակա՞ն երկիր, թե՞ իրենց անձնական սեփականություն հանդիսացող երկիր։
«Այս հարցի պատասխանը պետք էր նախօրոք տալ, որ իշխանության գալուց հետո իմանաս՝ ինչ ես անում։ Իսկ եթե ունեցել են հարցի պատասխանը, ապա շատ վատ է, նշանակում է՝ բոլորին խաբել են։ Այո, դու պիտի պատրաստ լինես, որ Հրայր Թովմասյանը չի ենթարկվելու քեզ, և դա նորմալ է, դու պետք է դրանից ուրախ լինես։ Իսկ եթե դրանից ուրախ չես, նշանակում է, որ քո անելիքները հակառակն են ու դու իրավական պետություն կառուցելու նպատակ չունես»,-ասաց փաստաբանը։
Որպես իրավական պետության, արդարադատության համակարգի կայացման ջատագով Վարոսյանին հարցրեցինք, կողմերին ուղղված ի՞նչ հորդոր ունի. «Գիտե՞ք, իշխանությունն է որոշողը, քայլեր թելադրողը, բայց ես նրանց այլևս հորդորել չեմ կարող, նրանց հետաքրքիր չի որևէ մեկի հորդորը։ Իսկ եթե նրանց հետաքրքիր չէ ոչ կարծիք, ոչ հորդոր, ոչ կոչ, կներեք ես էլ ժամավաճառությամբ չեմ զբաղվում»։
Հիշեցնեք, Հրայր Թովմասյանի փաստաբանները հայտարարել էին, որ աշխատում են Փաշինյանի դեմ ներկայացվելիք հայցի վրա։ Հնարավո՞ր է այս պարագայում էլ փաստաբանները համախմբվեն ու հայտարարեն ՍԴ նախագահի պաշտպանությանը միանալու մասին, ինչպես եղավ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում։
«Մենք ունենք Փաստաբանների պալատ, որը չունենք։ Երկար ժամանակ ես այս հարցը բարձրացնում էի, նախկին իշխանությունները հովանավորում էին այդ կառույցը, այս հեղափոխոթյունը հնարավորություն տվեց բոլորին տեսնել, թե ինչ կա իրականում։ Երկրում տեղի են ունենում խիստ կարևոր իրադարձություններ, որոնք կապված են երկրի իրավական անվտանգության հետ։ Սահմանադրական դատարանը, գիտե՞ք, ոչ մեկիս քմահաճույքը չի կարող լինել, մեր արդարադատության համակարգի հիմնասյունն է։ Հիմա հարց եմ տալիս՝ Փաստաբանների պալատը տեղի ունեցողի մասին կարծիք ունի՞, այդ կարծիքը արտահայտելու տղամարդկություն ունի՞, թե՞ չունի։ Այս կառույցը պետք է նպաստի փաստաբաններին միահամուռ, կուռ համքարություն դարձնելուն ու նման հարցերում ոտքի կանգնելուն, անկախ իշխանությունների ով լինելուց, բայց անում է հակառակը։ Այսօր Հայաստանում կա 2500 փաստաբան, դուք քանիսի՞ ձայնն եք լսում»,-ասաց Վարոսյանը։
Նա նշեց, եթե որևէ փաստաբան ՍԴ նախագահի պաշտպանությանը միանալու նախաձեռնությամբ հանդես գա ու նման կոչ լինի, ինքը կքննարկի՝ միանա՞լ, թե՞ ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Վաղ թոշակի չգնացող սահմանադրականի դատավորներին Բադասյանը «կօգնի» Սահմանադրական նոր բարեփոխումներով
- Հրայր Թովմասյանի փաստաբանները հրատապ հայտարարություն են տարածել
- Փաստաբանի հարցը՝ ՀՔԾ-ին. Իրավական ի՞նչ ընթացակարգի շրջանակում է Փաշինյանը տիրապետում ՍԴ նախագահի վերաբերյալ քրգործերին
- Թովմասյան. Իմացեք, որ մի օր էլ էդ ուղտը ձեր դռանն է չոքելու
- Հրայր Թովմասյան. Ինձ ոչինչ չի կասեցնի
- Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը
- ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը հայց է ներկայացնելու Ն. Փաշինյանի դեմ, եթե 20 օրվա ընթացքում վերջինս չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ
- Միհրան Պողոսյան. Նույնիսկ ընթերականներն են նշում, որ սա քաղաքական գործ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան