Վերին Լարսում առաջացող խնդիրներն արդեն կլուծվեն արագ և օպերատիվ. Արամ Թանանյան
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, Արամ Թանանյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ Արամ Թանանյանը 2018 թվականից զբաղեցնում է ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը, երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում, մասնավորապես զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, փրկարար ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մաքսային կցորդն աշխատելու է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: «Թող տպավորություն չստեղծվի, որ նա Մոսկվայում է աշխատելու: Նա աշխատելու է Վերին Լարսի մոտակայքում»,- նշեց վարչապետը։
Կառավարության նիստից հետո Արամ Թանանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ իր լիազորությունները վերջնական չեն սահմանվել։
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ն ընդունել է 5-ամյա զարգացման ռազմավարություն: «Դուք տեսել եք, թե վերջին 1.5 տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են կատարվել մեր համակարգում: Մեր համակարգը միտված է ապահովել երկրի ամբողջ շրջանառությունը: Եվ այդ ֆոնի վրա, բնականաբար, հիմա նաև ծավալվում ենք դեպի հյուսիս, քանի որ Լարսով անցնում է մեր հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը, որով մենք կապ ենք հաստատում ԵԱՏՄ տարածքի հետ»,- նշեց նա:
Արամ Թանանյանն ասաց, որ ներկայումս Վերին Լարսում առաջացող խնդիրները լուծվում են հեռակա՝ հեռախոսազանգով, կապի տարբեր միջոցներով, իսկ հիմա արդեն հնարավորություն կունենան առերես քննարկել բոլոր խնդիրները՝ փորձելով դրանց տալ լուծումներ, որոնք կլինեն արագ, օպերատիվ, հիմնավորված. «Կունենանք արդեն դեմք, ով կներկայացնի մեր երկիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Փետրվարից Հայաստանը մաքսային ներկայացուցիչ կունենա Լարսում
- Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում