Արցախում կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվելու
ԱՀ կառավարությունը, ընդառաջելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի բացասական հնարավոր ազդեցության շուրջ առկա մտահոգություններին, շարունակում է քննարկումներն ու գործնական միջոցառումները:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ներկայումս գործունեություն է իրականացվում սեղմ ժամկետում մասնագիտական հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում տարբեր փորձագետների, բնապահպանների, ջրային ռեսուրսների կառավարման, տնտեսագետների ու էներգետիկ համակարգի մասնագետների հետ՝ ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան ներուժը:
ԱՀ կառավարությունը երաշխավորում է, որ մասնագիտական, անկախ հանձնաժողովի գործունեության ընթացքում կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվելու:
«Կառավարությունը, կառուցողական ու հիմնավոր գնահատականների ակնկալիքով, կոչ է անում հասարակական և փորձագիտական շրջանակներին իրենց առաջարկները ներկայացնել բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն՝ Արցախի էներգետիկ ոլորտի զարգացման և շրջակա միջավայրի պահպանության շուրջ»,-ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
- Շահումյանի շրջանում առկա է 13 գործող և կառուցվող ՓՀԷԿ, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են օրենքի սահմաններում
- Ջրարբիի բնակիչները ՀԷՑ-ի պատճառով ֆինանսական վնասներ են կրում