Փաստաբան Միհրան Պողոսյանը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացնում ԱԱԾ
Փաստաբան Միհրան Պողոսյանը Ազգային անվտանգության ծառայություն հաղորդում է ներկայացնում՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ:
«Առանձնահատուկ դեպք չէ: Վերջին ամիսներին Հայաստանի բարձրագույն իշխանության մարմինի ներկայացուցիչների, մասնավորապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին են, որոնք, իմ գնահատմամբ, առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, մասնավորապես պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, նաև իր հրապարակային կոչերում, գործողություններում առկա են սահմանադրական կարգի հիմունքների, նաև պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ»,- ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Մ. Պողոսյանի խոսքով, այդ կապակցությամբ հաղորդում է նախապատրաստել, մասնավորապես ՍԴ լիազորություններին տիրանալու, ՀՀ Սահմանադարությամբ սահմանված որպես իրավական պետության, իշխանությունների տարանջատման սկզբունքների վերացմանն ուղղված գործողությունների հետ կապված:
«Այդ ամենն ամփոփել եմ իմ հաղորդման մեջ և հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնելու Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի այս հանգամանքները բոլորը պատշաճ իրավական գնահատականի արժանանան»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, այս քրեական գործը քննելը բացարձակապես որևէ դժվարությունների չի հանդիպի, քանի որ տվյալ կոչերը եղել են հրապարակային, դրանք մինչ այժմ պահպանվում են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, ցանկացած իրավաբանի համար այդ կոչերում առկա են հանցագործության առերևույթ հատկանիշներ:
Հարցին՝ որքա՞ն անկաշկանդ և արդարացի կլինի ԱԱԾ-ն և ձեր հաղորդումը կընդունի ու ընթացք կտա, Մ.Պոոսյանն ասաց. «Հույս ունեմ, որ ԱԱԾ-ում աշխատում են պատիվ ունեցող սպաներ, այդ թվում քննիչներ և սահմանադրական կարգի հիմունքներն և պետության անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում վերջիններս կգործեն որպես սպաներ և կչեզոքացնեն տվյալ վտանգը»,- ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Մակինյան. Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ
- Միհրան Պողոսյան. Նույնիսկ ընթերականներն են նշում, որ սա քաղաքական գործ է