Նետաձիգ ազատամարտիկը՝ Նունե Աբրահամյան
Եռաբլուր զինվորական պանթեոնում է թաղված Նունե Աբրահամյանը՝ սպորտի վարպետ, նետաձիգ, ազատամարտիկ: Մինչ Արցախյան ազատամարտը Նունե Աբրահամյանը խոստումնալից նետաձիգ էր, եղել է նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետ: Նունե Աբրահամյանի հիշատակին անցկացվում են Նետաձգության ամենամյա մրցումներ:
Այսօր նետաձիգ Նունեի հիշատակի օրն է, ու սոցիալական ցանցերում մեր քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում՝ հիշատակի գրառումներ անելով։
Նունե Աբրահամյանը ծնվել է 1966 թվականի հուլիսի 30–ին Երևանում: 1990 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1991-94-ին աշխատել է Երևանի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնում: 1988 թվականի երկրաշարժից հետո նա անդամագրվել է Կարմիր Խաչին և օգնել հաշմանդամներին, իսկ 1990 թվականից աշխատել է վերականգնողական թերապիայի ինստիտուտի Կարմիր Խաչի բաժանմունքում, որտեղ օրեցօր ավելանում էին վիրավոր ազատամարտիկները: Մի օր էլ որոշել է, որ հայրենիքի համար այդ ծանր օրերին իր տեղն Արցախում է: Մորից, տատիկից գաղտնի էր պահում ռազմաճակատ մեկնելու օրը, որպեսզի չփորձեն հետ պահել:
Մարտական մկրտությունը Նունեն ստացել է 1992 թվականին: Արցախում Նունեն ոչ միայն փրկում էր վիրավորներին, նաև կռվում էր զենքը ձեռքին: «Արծիվ-24» գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Կուսապատ), Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
1993-ին միմյանց հետևից ազատագրվում էին հայկական բնակավայրերը՝ Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Կուսապատ… այնուհետեւ՝ Աղդամ, Ֆիզուլի, Կուբաթլու, Զանգելան, Հորադիզ: «Արծիվ-24» գումարտակի այս հաղթական երթի ընթացքում Նունեն և նրա ընկերուհի Անահիտ Լոպոյանն առաջնագծում էին: Նունեն տասը ամիս տուն չի վերադարձել, չի հանել է զինվորական համազգեստը, սանիտարական պայուսակը: Տասը ամիս շարունակ գիշեր ու ցերեկ չի եղել: Նունեն միշտ գրոհի առաջին գծում էր, թշնամու կրակի տակ, անձնուրացորեն նետվում էր առաջ, որտեղ վիրավորներն էին, որտեղ սեր ու գթություն էր հարկավոր: Իսկ երբ թշնամին շատ էր մոտենում, երբ ադրբեջանցիները սպառնում էին մխրճվել, կազմալուծել ազատամարտիկների շղթան, Նունեն վերցնում էր ավտոմատն ու դիպուկ կրակոցով մեկը մյուսի հետևից գետնին տապալում թշնամու զինվորներին: Գերազանց գթության քույր լինելուց բանի նա նաև գերազանց հրաձիգ էր: Որպես նետաձգության չեմպիոն՝ կրակում էր անվրեպ, և տիրապետում էր զենքերի գրեթե բոլոր տեսակներին:
Տասը ամսվա ընթացքում Նունեն տասնյակ ազատամարտիկների կյանք է փրկել:
«Արծիվ-24» գումարտակը մասնակցում էր Օմարի լեռնանցքի ազատագրման համար մղվող մարտերին: Կենտրոնացնելով ուժերը և բազավորվելով, նրանք հարձակման անցան: Հաջողությամբ զարգացնելով հակահարձակումը՝ մի քանի բնակավայրեր ազատագրեցին, սակայն Յանշաղ գյուղի մոտ շրջափակման մեջ ընկան: Մի պահ թվում էր, թե հնարավոր չէ փրկել դրությունը, բայց հրամանատար Սամվել Հովսեփյանը, կարողանալով իշխել իրադրությանը, կազմակերպել է պաշտպանությունը: Գումարտակը ճեղքել է պաշարման օղակն ու դուրս եկավ շրջապատումից:
Նունեն, արհամարհելով մահվան վտանգը, ադրբեջանցիների կրակի տակ հասնում էր վիրավորներին և վիրակապելով՝ տեղափոխում ապահով վայր: Իսկ թշնամին, դիրքավորված հարմար ժայռերի ու բարձունքների վրա, դիպուկ նշանառությամբ խփում էր տեղից շարժվողներին: Երբ հերթական անգամ Նունեն ցանկանում էր մոտենալ վիրավորին, ինքը վիրավորվել է ձեռքից: Մարտական ընկերներն անմիջապես վիրակապել են և հորդորեել մնալ թաքստոցում, բայց նա չէր կարող չլսելու տալ օգնության կանչը: Երկրորդ անգամ Նունեն վիրավորվել է կրծքից: Հրամանատարն ու մարտական ընկերները նրան դուրս են բերել մարտի դաշտից (աղբյուր՝ https://freedomsoldiers.wordpress.com): Ամաչկոտ աղջիկը չի թողնում, որ բացեն կուրծքն ու վիրակապեն: Մի կերպ ուղղաթիռով հիվանդանոց են հասցնում, վիրահատում, բայց փրկել չեն կարողանում, շատ արյուն էր կորցրել: Նա մահացել է 1994 թ. հունվարի 30-ին:
Նունեն թաղվել է ազատամարտիկներին վայել հանդիսավորությամբ, իր մարտական և մարզական ընկերների ուղեկցությամբ, ազատամարտիկի զինվորական հագուստով, եռագույնի ներքո (աղբյուր՝ https://freedomsoldiers.wordpress.com
Մարտին Բաղդասարյան, Վալերի Վարդանյան
«Ազատագրում»
Երևան, 2003):