«Իմ քայլի» պատգամավոր. ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ
Ոստիկանապետի հետ հանդիպումը նախաձեռնել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
Վերջինիս խոսքով, նմանատիպ հանդիպումներ պարբերաբար են լինում. «Այս հանդիպումը պլանավորվել է դեռևս 10 օր առաջ»։
Դիտարկմանը, որ հանդիպման հիմնական նպատակը ՍԴ խնդրի կարգավորումն է, իշխանությունները ինչպես են պատկերացնում այն, Պողոսյաննը նշեց, որ խնդրի կարգավորումը կա, սակայն ինքը չի ցանկանում այդ մասին խոսել։
Իսկ ցանկացավ պատգամավորը խոսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին։
Իսկ ավելի որոշակի՝ պատգամավորը հիշել էր, որ ինքը ևս սասունցի է, ինչպես և Թովմասյանը, հետո հիշել էր 2014 թվականի ԱԺ դեպքեր։ Զարմանալի է, որ պատգամավորը հիշում էր պատգամավորների միջև ծագած վեճի ամսաթիվը ևս։
Խոսքը Հրայր Թովմասյան- Արմեն Ռուստամյան վեճի մասին էր, ինչը իմքայլականը ոչ միայն հիշեց, այլև հիշեցնում էր ամենայն մանրակրկտությամբ։
« Էս պարագայում ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը կդիմի այն բազմաթիվ փաստաբաններին, որոնք իրեն օգնում, խորհուրդ են տալիս։ Նրանք Արմեն Ռուստամյանի դեմ հայցով կմտնեն դատարան և կպահանջեն պատիվ» ,- ասաց Պողոսյանը, թեև իրենից բոլորովին այլ հարցի պատասխան էին ակնկալում 2020 թվականի հունվարի 30-ին։
Երկար ժամանակ ծախսելով անդրադարձի վրա, Պողոսյանը բացահայտեց իր՝ որպես օրենսդրի գիտելիքները։
Խոսելով Հրայր Թովմասյանի հայտարարության մասին, որ մի իշխանության ղեկավարն ինքն է, մյուսինը՝ Փաշինյանը, և իշխանության մյուս ճյուղերն իրավունք չունեն որոշելու՝ ինքը լինի ՍԴ նախագահ, թե ոչ, Քրիստինե Պողոսյանը ասաց. «Նա որևէ ճյուղի ներկայացուցիչ չի։ Թովմասյանը, լինելով ՍԴ նախագահ, և կարել-ձևելով սահմանադրությունը, որով մենք այսօր ապրում ենք, այնքան անգրագետ հայտարարություն է անում, որ նույնիսկ չի հասկանում՝ ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ»։
Պողոսյանը նշեց, որ դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը, և Թովմասյանն անգամ դա չի հասկանում։ Իմքայլական պատգամավորը հստակեցրեց՝ Թովմասյանը ընդամենը ՍԴ նախագահն է, և ոչ իշխանության որևէ ճյուղի ղեկավար, ինչպես ինքն է իրեն «հռչակել»։
«Փաստացի ինքն իրեն հռչակեց մարդ, ով որևէ ճյուղի ղեկավար ա։ Երևի էսպես ինքը նաև ուզում էր բացահայտ ասել, որ զավթել է այդ ճյուղը։ Այսինքն՝ բացահայտ և բառացի ասում է մարդն էն, ինչը տարիներ շարունակ մենք բոլորս գիտեինք։ Ւսկ ով էր օգնում նախկին իշխանություններին բոլոր կեղծարարությունները ծածկել, իհարկե Հրայր Թովմասյանը»,- նշեց Պողոսյանը։
ՍԴ խնդրի կարգավորման մասին «Իմ քայլը» խմբակցությունն արդեն ունի որոշում, որը Պողոսյանի խոսքով, խմբակցության ղեկավարը կհայտնի առաջիկա 2 օրերի ընթացքում։
Այդ կարգավորումը, պատգամավորի համոզմամբ, խաղաղություն է բերելու ՀՀ քաղաքացիներին, մարդիկ իրենց աշխատանքն են անլու, չեն նյարդայնանալու, որ ՍԴ-ը բռնազավթած է. «Ճիշտ է, էս պահին սովորական, շարքային քաղաքացին գուցեև իր վրա չի զգում, օրինակ, ՍԴ-ն բռնազավթված է, թե չէ։ Բայց եթե դուք հարցնեք քաղաքացիներին, թե տարիներ շարունակ, երբ համաձայն չեն եղել ընտրությունների հետ, որտեղ են գնացել բողոքարկելու դա, և ով է կնիքը խփել, թե ամեն ինչ նորմալ է, եղել է հենց ՍԴ-ը, որ տասնյակ տարիներ շարունակ ՀՀԿ-ին է ներկայացրել»։
Հարցին՝ եթե բոլոր դատավորները որոշեն վաղաժամ կենսաթոշակի գնալ, ֆորս-մաժորային իրավիճակ չի՞ ստեղծվի, Պողոսյանը պատասխանեց՝ չի լինի ճգնաժամ, հանգիստ եղեք։
«Այդ օրինագիծը, որ մենք ընդունեցինք, սոցիալական պատասխանատվություն էր, և այն քայլն է, որ արվեց իրենց նկատմամբ։ Կընդունեն, շատ լավ, ֆորս-մաժոր չի լինի, որովհետև այդ նույն ընթացքում ԱԺ-ը կդիմի նախագահին և կառավարությանը և դատական խորհրդին՝ ներկայացնելու թեկնածուներ։ Կքննարկենք, կքվեարկենք և կընտրենք ՍԴ դատավորներ»,- նշեց Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի փաստաբանները հրատապ հայտարարություն են տարածել
- Հրայր Թովմասյան. Ինձ ոչինչ չի կասեցնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան